COP17-ի ընթացքում Երևանը կդառնա միջազգային քաղաքական երկխոսության կարևոր հարթակ, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Կենտրոնական բանկում Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին նվիրված հուշադրամի ներկայացման ժամանակ:
ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդգծել է, որ հուշադրամը խորհրդանշում է ոչ միայն սպասվող կարևոր միջազգային իրադարձությունը, այլև Հայաստանի ստանձնած պատասխանատվությունը՝ նախագահելու համաշխարհային նշանակություն ունեցող բազմակողմ գործընթաց և նպաստելու միջազգային համագործակցության ամրապնդմանը։ Այս համատեքստում շեշտադրվել է գլոբալ օրակարգերի ձևավորմանն ու առաջմղմանը մասնակցելու Հայաստանի պատրաստակամությունը։
Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է, որ COP17-ի շրջանակում Երևանը համախմբելու է պետությունների, միջազգային կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին՝ կենսաբազմազանության պահպանման գլոբալ մարտահրավերները քննարկելու նպատակով։
Ընդգծվել է, որ այդ մարտահրավերներն արդեն վաղուց դուրս են եկել բացառապես բնապահպանական օրակարգի սահմաններից և փոխկապակցված են պարենային ու ջրային անվտանգության, առողջության, տնտեսության, ինչպես նաև հասարակությունների դիմակայունության հետ։
Անդրադառնալով հուշադրամի խորհրդին՝ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հույս է հայտնել, որ տարիներ անց այն հիշեցնելու է ոչ միայն 2026 թվականին Հայաստանի կողմից COP17-ը հյուրընկալելու, այլև Երևանի՝ երկխոսության, համագործակցության և համատեղ գործողությունների հարթակ դառնալու մասին։
Միջոցառման բացման խոսքով հանդես են եկել նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում: