Վարչապետը քննարկում է գազամուղերի և նավթամուղի կառուցումը

Ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ ՀՀ-ն և մեր տարածաշրջանը գտնվում են տրանսֆորմացիայի փուլում, և այդ տրանսֆորմացիան, իհարկե, կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության և դրանից բխող զարգացումների հետ։ Այդ մասին Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք հիմա ամենօրյա ռեժիմով, ըստ էության, աշխատում ենք TRIPP նախագծի իրագործման մեկնարկը տեղում տալու ուղղությամբ, որը միանշանակ և աներկբա ոչ միայն ՀՀ-ի, այլև տարածաշրջանի ողջ տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու։ Արդեն իսկ այդպիսին է, որովհետև այսօր իսկ մենք զգում ենք Հայաստանի շուրջ ներդրումային գրավչության որոշակի ակտիվություն, և պարզ է, որ այդ նախագիծն իր հերթին բերելու է նոր նախագծերի, և ներդրումային գրավիտացիան Հայաստանի և մեր տարածաշրջանի նկատմամբ ուժեղանալու է։

Առաջիկայում մենք սպասում ենք նաև TRIPP նախագծի զարգացումներին զուգահեռ Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը, համապատասխանաբար նաև Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա երկաթուղային հաղորդակցության բացմանը։ Կարևոր է արձանագրել, որ TRIPP նախագծի իրագործման արդյունքում նաև երկաթուղային կապ պիտի հաստատվի Պարսից ծոցի և Սև ծովի միջև։

Գիտեք նաև, որ Հյուսիս-Հարավ ճանապարհային նախագիծն ամբողջ թափով իրագործվում է, իհարկե, երկաթուղուն զուգահեռ ճանապարհների բացում է նախատեսվում։ Ինչ նկարագրում եմ, այն է, ինչ ճշգրտորեն ՀՀ կառավարությունը հաստատել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում։

Այս բոլոր կոմունիկացիաներին զուգահեռ՝ այսօր արդեն քննարկում ենք գազամուղերի կառուցման, նավթամուղի կառուցման հնարավորությունները, նաև էլեկտրահաղորդման գծերի վերաբերյալ կոնկրետ քննարկումներ ենք ունենում։ Պարզ է, որ ժամանակակից աշխարհում առաջնային նշանակություն ունեն նաև հաղորդակցության մալուխները և այդպես շարունակ»,- մասնավորապես նշել է վարչապետը։

Leave a comment