Ռուբինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ Տեղի է ունեցել հանgագnրծnւթյուն, սուբյեկտն ադրբեջանgի մասնավոր զինվորն է

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանն ԱԺ նիստում Ռուբեն Ռուբինյանին հարց է ուղղել Շաքիում տեղի ունեցած միջադեպի և դրա վերաբերյալ քաղաքական դիրքորոշման մասին։

«Պատրաստվո՞ւմ եք արդյոք որպես խաղաղության գործընթացը խնամող ուժի ներկայացուցիչ՝ այս բարձր ամբիոնից քաղաքական հստակ դիրքորոշուն հայտնել Շաքիում տեղի ունեցած դեպքի առնաչությամբ»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Պատգամավորն ընդգծել է, որ խոսքը միայն ապօրինի սահմանահատման մասին չէ։ Նրա խոսքով՝ զինված ադրբեջանցի զինծառայողը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք, մտել Հայաստանի քաղաքացուն պատկանող տուն, հանցագործություն կատարել և կրակել կնոջ ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել են նաև երեխաները։ Ղահրամանյանը տեղի ունեցածը խաղաղության գործընթացը խաթարող կոնկրետ գործողություն է որակել։

Ռուբեն Ռուբինյանը կատարվածը հանցագործություն է անվանել։

«Ապօրինի սահմանահատում է տեղի ունեցել, այդ ընթացքում ադրբեջանական կողմը տեղեկացրել է հայկական կողմին։ Այո, վատ իրադարձություն է, բայց մի հատ լավ լուր կա, որ սուբյեկտը, որի մասին խոսում ենք, ադրբեջանցի զինվոր է, ով, ըստ երևույթին, խախտել է Ադրբեջանի օրենքը բացի Հայաստանի օրենքը խախտելուց. սուբյեկտը մասնավոր զինվորն է, որը հանցագործ է»,-ասել է նա:

Ռուբինյանը նշել է, որ խաղաղության բացակայության դեպքում հայկական և ադրբեջանական կողմերը միմյանց չէին տեղեկացնի անհետացած զինծառայողների մասին՝ հարցնելով՝ «մեր մոտից զինվոր է կորել, կարո՞ղ է ձեր մոտ է»։

«Մինչ այս իրադարձությունը բազմաթիվ դեպքեր են եղել, երբ որ և մեր կողմից է զինծառայող հայտնվել իրենց մոտ և իրենց կողմից է զինծառայող հայտնվել մեզ մոտ, փառք Աստծո, առանց որևէ միջադեպերի։ Իրար տեղեկացվել է, գտել են, վերադարձել են»,- ասել է Ռուբինյանը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է առաջարկել քննիչ հանձնաժողով ստեղծել՝ Շաքիում տեղի ունեցած միջադեպն ու բանակում ինքնասպանությունների դեպքերն ուսումնասիրելու նպատակով, հայտնում է Aysor.am-ը:

Խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ԱԺ-ում հայտարարել է, որ ադրբեջանցի զինծառայողը ներթափանցել է Հայաստան, իսկ մեծ ողբերգությունը հնարավոր է եղել կանխել միայն հայ կնոջ հերոսության շնորհիվ։

«Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ վերջին ամիսներին բանակում շատացել է ինքնասպանությունների թիվը, «Ուժեղ Հայաստանը» այսօր հանդես կգա առաջարկով՝ ստեղծել քննիչ հանձնաժողով՝ Շաքիում տեղի ունեցած միջադեպի, ինչպես նաև վերջին ամիսներին բանակում շատացած ինքնասպանությունների դեպքերը ուսումնասիրելու նպատակով»,-ասել է Աբրահամյանը։

Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն և հայտնաբերվելուց հետո զենքից կրակոցներ է արձակել։ Կրակոցի հետևանքով վիրավորվել է 1987 թվականին ծնված կինը, վնասվածքներ են ստացել նաև նրա 3 երեխաներից 2-ը: Դրանից հետո ադրբեջանցին փախուստի է դիմել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել է Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում։ Նա 2 ամսով կալանավորվել է:

Leave a comment