ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է ՌԴ Իրկուտսկի մարզում ժանտախտի հնարավոր բռնկման մասին հաղորդումներին՝ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանին օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնելով։
Սպիտակ տան ղեկավարը հոկտեմբերի 5-ին, պատասխանելով լրագրողների հարցերին, ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանը կարող է նման հիվանդության խնդրի առաջ կանգնած լինել, և անհրաժեշտության դեպքում խոստացել է աջակցել երկրին իրավիճակը հաղթահարելու հարցում, հայտնում է Deutsche Welle-ն:
«Մենք շատ ուշադիր հետևում ենք տեղի ունեցող իրադարձություններին։ Մենք հենց նոր ենք լսել այդ մասին, և նրանք (ՌԴ իշխանությունները – Խմբ.) դա անվանում են թոքաբորբ։ Նախկինում թոքաբորբը բուժելն ավելի հեշտ էր, սակայն մանրէներն ու բակտերիաները անհամաչափորեն ավելի ուժեղ են դարձել։ Բայց մենք նրանց (Ռուսաստանին – Խմբ.) կօգնենք»,- հայտարարել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Սպիտակ տունն արձագանքելու է Ռուսաստանից ստացվող համապատասխան հաղորդումներին։
Մեկ այլ լրագրողի հարցին պատասխանելիս Դոնալդ Թրամփը նշել է, որ այս հարցի շուրջ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ չի շփվել։ Նա կրկին ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել «ցանկացած մեկին, ով բախվել է նման խնդրի»։
Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման մասին տեղեկությունները տարածվել են տեղի բնակչուհի Դարյա Շիպիլովայի անսպասելի մահից հետո։ Նա աշխատում էր Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտում։ 28-ամյա կինը սեպտեմբերի վերջին տեղափոխվել է հիվանդանոց և հոկտեմբերի 2-ին մահացել է։ «Ռոսպոտրեբնադզորը» նրա մահվան պատճառ է անվանել «չպարզված էթիոլոգիայի թոքաբորբը»։
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ դրանից հետո Իրկուտսկի մարզում մոտ 200 մարդ է մեկուսացվել։ Այդուհանդերձ, տարածաշրջանում թոքաբորբի հաստատված երկրորդային դեպքերի վերաբերյալ հաղորդումներ չեն եղել։ Շելեխով քաղաքի վարչակազմը, որի հիվանդանոցներից մեկում մահացել է Շիպիլովան, հոկտեմբերի 3-ին սոցիալական ցանցերում հրապարակել է քաղաք այցելություններից ժամանակավորապես զերծ մնալու կոչ, սակայն կարճ ժամանակ անց գրառումը հեռացվել է։
Իշխանությունների լռությունը հանրության շրջանում անհանգստություն է առաջացրել և նպաստել տարբեր լուրերի տարածմանը։ Դրանց թվում է եղել նաև այն վարկածը, ըստ որի՝ ինստիտուտի լաբորատորիայում կոտրվել է ժանտախտի հարուցիչ պարունակող փորձանոթ։ Հոկտեմբերի 5-ին լրատվամիջոցները ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին հարցրել են՝ արդյոք Մոսկվան հետևում է Իրկուտսկի մարզում կատարվող իրադարձություններին։ Պեսկովը «Ռոսպոտրեբնադզորն» անվանել է իրավասու գերատեսչություն և հորդորել առաջնորդվել դրա հայտարարություններով՝ չմեկնաբանելով միջադեպը։
Ռուսաստանի սիբիրյան տարածաշրջաններին հարևան առնվազն երեք երկիր հայտնել է սահմաններին նախազգուշական միջոցների ուժեղացման մասին։ Ղազախստանն ու Ղրղզստանն ուժեղացրել են սանիտարական-կարանտինային վերահսկողությունը, իսկ Ուզբեկստանը հայտարարել է, որ երկիր վարակների ներթափանցումը կանխող ծառայությունները բերվել են բարձր պատրաստվածության վիճակի։
Ադրբեջանի առողջապահության նախարարությունը տեղեկացված է Ռուսաստանից ստացվող հաղորդումներին, սակայն մաքսային վերահսկողությունն ուժեղացնելու անհրաժեշտություն չի տեսել, հայտնել են գերատեսչությունից։ Իրկուտսկի մարզին աշխարհագրորեն ամենամոտը Մոնղոլիան է, սակայն այդ երկիրը նախկինում ևս Ռուսաստանի հետ համագործակցել է նման հիվանդությունների տարածումը կանխելու հարցում, քանի որ տարածաշրջանում ավելի վաղ հայտնաբերվել են ժանտախտի հարուցիչներ։