2026թ.-ի սեպտեմբեր ամսվա բորսայական տվյալները

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է 2026 թվականի սեպտեմբեր ամսվա շուկայական տվյալները։ Ամսվա ընթացքում պահպանվել է դինամիկ առևտրային միջավայրը՝ ընդգծելով ներդրողների աճող վստահությունը և շուկայական ակտիվությունը։

Սեպտեմբերին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղաբաշխվել է ավելի քան 45․4 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս, իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 91 գործարք՝ ավելի քան 44․8 մլրդ ՀՀ դրամ ծավալով, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 129%-ով։

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առևտրի ծավալի 56% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով ավելի քան    15․4 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 1906 գործարք՝ սեպտեմբերի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 224 կորպորատիվ պարտատոմսերով։ Այս կայուն աճը արտացոլում է կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առողջ պահանջարկը։

Բաժնետոմսերի շուկայում առևտրի ծավալը կազմել է մոտ 143 մլն ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝  մոտ 352․4 մլրդ ՀՀ դրամ։ Բաժնետոմսերով կնքվել է 207 գործարք։

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 28.5 մլրդ ՀՀ դրամ: Սեպտեմբեր ամսին կնքվել է 184 ռեպո գործարք, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 361%-ով։

Սեպտեմբերին ՀՖԲ արտարժույթի շուկայում իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակման 1 գործարք՝ շուրջ 327․6 մլն ՀՀ դրամ ծավալով։ Ամսվա ընթացքում փոխարժեքի գինը կազմել է 364 դրամ։

Ամսական տվյալների համեմատական գրաֆիկները կարող եք տեսնել AMX-ի պաշտոնական կայքում:

Leave a comment