Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Չեռնոգորիայի դեմ Ազգերի լիգայի չորրորդ տուրի հանդիպումից հետո գոհունակություն է հայտնել թիմի կատարած աշխատանքից։
Նա ասել է, որ խաղում կար այն ամենն, ինչն ի սկզբանե ուզում էի տեսնել հավաքականում, հայտնում է Արմենպրեսը:
«Ես շատ հպարտ եմ իմ տղաներով: Միայն ես գիտեմ, թե ինչպես է թիմը տանջվելով, վնասվածքներով մոտեցել այս 4-րդ խաղին: Մենք շատ բան ապացուցեցինք: Հավաքականում կան ֆուտբոլիստներ, ովքեր խաղից առաջ առկա վնասվածքներով ու ցավերով մոտենում էին ինձ ու ասում, որ պատրաստ են: Այս խաղում կար կարգապահություն, նվիրվածություն, բնավորություն այն ամենն, ինչն ի սկզբանե ուզում էի տեսնել հավաքականում»,-ասել է Մելիքյանը` հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ:
Ֆուտբոլի Ազգերի լիգայի C2 խմբի չորրորդ տուրում Հայաստանի ազգային ընտրանին ուժերն է չափել Չեռնոգորիայի հավաքականի հետ։ Հանդիպումն ավարտվել է գոլազուրկ՝ 0։0 հաշվով։
Մրցաշարի հինգերորդ տուրում՝ նոյեմբերի 12-ին, Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընդունելու է Կիպրոսի ընտրանուն, իսկ եզրափակիչ՝ վեցերորդ տուրում՝ նոյեմբերի 15-ին, մրցելու է Լատվիայի հավաքականի հետ։