Ազգային ժողովի նիստերի դահլիճում իրավիճակը կրկին լարվեց, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի՝ եկեղեցու վերաբերյալ ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գրիշա Թամրազյանը տեղից վիրավորական արտահայտություն հնչեցրեց նրա հասցեին։
Տարոն Չախոյանն իր ելույթում անդրադարձավ, իր խոսքով, եկեղեցում տեղի ունեցած ապօրինությունները քննող հանձնաժողովի գործունեությանը՝ հնչեցնելով կոշտ գնահատականներ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հասցեին։ Ելույթի ավարտին դահլիճից հնչեց «աղբ» վիրավորական արտահայտությունը, ինչից հետո պատգամավորների միջև սկսվեց իրարանցում և աղմուկ։ Նիստը վարող ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը ստիպված եղավ ընդմիջում հայտարարել և կոչ արեց պատգամավորներին զբաղեցնել իրենց տեղերը․ «Նստե՛ք․․․ Ժողովո՛ւրդ, չեք լսում, նստե՛ք, նստե՛ք․․․ Բոլորդ նստե՛ք ձեր տեղերը, բոլորդ»։
Ընդմիջումից հետո Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ որևէ պատգամավոր իրավունք չունի վիրավորել գործընկերոջը, և արձանագրեց, որ վիրավորական բառը հնչեցրել է Գրիշա Թամրազյանը։ Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանը տեղից փորձեց արդարացնել Թամրազյանին՝ պնդելով, թե նա «ախ» է ասել, այլ ոչ թե «աղբ»․ «Լավ էլի, պարո՛ն Ղազինյան, մեծ մարդ եք էլի, ասում է՝ «ախ» է ասել, ոչ թե «աղբ», բայց ինքը չի հերքում․․․ Լավ, ես էլ «սեր» եմ ասում, չեմ ասում «սրիկա», այս ի՞նչ ձև է»։
Ռուբեն Ռուբինյանը հորդորեց պատգամավորներին զսպել էմոցիաները և տեղից չգոռալ, երբ ելույթ է ունենում մեկը, ում ասածները իրենց դուր չեն գալիս։ Նա նաև զգուշացրեց, որ ֆիզիկական բախումներ թույլ չի տալու։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան
Նյութը պարունակում է վիրավորական խոսույթ։ Factor TV-ն առավել առաջնային համարելով հանրության իրազեկ լինելու իրավունքը՝ հրապարակում է քաղաքական գործիչների խոսքը բառացի՝ միաժամանակ դատապարտելով ու կոչ անելով զերծ մնալ վիրավորանքից ու ատելության խոսքից։