Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ին Իրանի հետ բանակցություններ պետք չեն, իսկ Թեհրանն իրեն սպառնացող կողմի հետ երկխոսելու իմաստ չի տեսնում։
«ԱՄՆ-ի հետ մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ մենք նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, նրանք անմիջապես մեզ պատերազմ են պարտադրում։ Մեզ վրա արդեն երեք անգամ հարձակվել են բանակցություններից հետո, ինչը վկայում է այն մասին, որ նրանք (ԱՄՆ-ն՝ խմբ․) չեն ձգտում բանակցությունների»,-ասել է Փեզեշքիանը, որի խոսքերը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը, հայտնում է Sputnik Արմենիան:
Իրանի նախագահը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին ընդունելիս նաև կարծիք է հայտնել, որ Միացյալ Նահանգների նպատակն Իրանում գործող կարգերի տապալումն է։
«Մի հակառակորդի հետ, որն ամեն օր սպանում է, պատժամիջոցներ սահմանում, ճնշում գործադրում ու սպառնում, ինչպես նաև ուխտադրուժ պահվածք դրսևորում, բանակցություններն իմաստ չունեն։ Մեր ժողովուրդը չի ընդունի նման մոտեցումը»,-ասել է Փեզեշքիանը։
Միացյալ Նահանգներն ու Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում տեղակայված օբյեկտներին, որոնց իրանական կողմը պատասխանել է իր հարվածներով։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ հուշագիր են ստորագրել, սակայն հետագայում կողմերը կրկին հարվածներ են փոխանակել։ Ներկա պահին հակամարտությունը շարունակում է մնալ չկարգավորված։