ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի Երկրորդ և Հինգերորդ կոմիտեների աշխատանքների շրջանակում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Հայաստանի հանձնառությունը կայուն զարգացման ֆինանսավորմանը, ինչպես նաև ՄԱԿ-ի մանդատների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների և կարողությունների ապահովմանը։
Երկրորդ կոմիտեում ՀՀ մշտական ներկայացուցիչը կարևորել է երկրների խոցելիություններն արտացոլող զարգացման ֆինանսավորման ապահովումը, Միջին եկամուտ ունեցող և Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներին համապատասխան աջակցության տրամադրումը, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացումը։ Նա ներկայացրել է նաև Հայաստանի առաջնահերթությունները՝ որպես COP17-ը հյուրընկալող և առաջիկայում նախագահությունն ստանձնող երկիր։
Հինգերորդ կոմիտեում դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՄԱԿ-ի կանոնավոր բյուջե Հայաստանի անդամավճարներն ամբողջ ծավալով և սահմանված ժամկետներում վճարելու հետևողական գործելակերպը։
Նա նաև կարևորել է կանխատեսելի ֆինանսավորման ապահովումը և թափանցիկ ու ապացույցների վրա հիմնված բարեփոխումների իրականացումը, որոնք կնպաստեն ՄԱԿ-ի գործունեության արդյունավետության և հաշվետվողականության ամրապնդմանը։