Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ

Մոսկվայի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս վեցը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։ Զոհվածը Սոլնեչնոգորսկի շրջանի Ռադումլյա ավանի 20-ամյա բնակիչ է։ Վիրավորներն Իստրայի, Վոլոկոլամսկի և Դոմոդեդովոյի շրջանների բնակիչներ են։ Նրանցից երեքը հիվանդանոցներում են, գրում է Meduza-ն։

Իստրայի շրջանի Սոֆոնտևո, Տորլոպովո, Գորկի և Յադրոմինո բնակավայրերում վնասվել է 10 մասնավոր տուն, ինչպես նաև տնտեսական շինություններ և երկու ավտոմեքենա։ Դոմոդեդովոյի շրջանի Լոբանովո գյուղում հրդեհվել է մասնավոր տուն։ Եվս մեկ տուն ավերվել է Բարիբինոյում։

Ուկրաինական մոնիթորինգային տելեգրամ ալիքները, ինչպես նաև ռուսական Astra-ն, վկայակոչելով ականատեսների տարածած լուսանկարներն ու տեսանյութերը, պնդում են, որ Մոսկվայի մարզում հրդեհ է բռնկվել «Վոլոդարսկայա» գծային արտադրական-դիսպետչերական կայանի տարածքում։ Բաց աղբյուրներում այն անվանում են Մոսկվայի տարածաշրջանի ամենամեծ նավթաբազաներից մեկը, ինչպես նաև Մոսկվայի և Մոսկվայի մարզի նավթամթերքի մատակարարման կարևոր հանգույց։ Այն ներառված է «Տրանսնեֆտպրոդուկտ» ԲԲԸ-ի կազմում։ Տեղական իշխանությունները հրդեհի մասին չեն հայտնել։

Վորոբյովի խոսքով, ընդհանուր առմամբ, Մոսկվայի մարզի երկնքում հակաօդային պաշտպանության ուժերն ու ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները ոչնչացրել են ուկրաինական 185 անօդաչու թռչող սարք։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, իր հերթին, հայտնել է, որ հոկտեմբերի 5-ի երեկոյից դեպի Մոսկվա և Մոսկվայի մարզ է թռել 650 անօդաչու սարք, որոնց մեծ մասը խոցվել է «հեռավոր սահմանագծերում»։ Մոսկվային մոտենալիս ոչնչացվել է 105 անօդաչու սարք։ Ավելի ուշ Սոբյանինը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ևս 29 ուկրաինական անօդաչու սարք, որոնք թռչում էին դեպի Մոսկվա։

Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը ավելի ուշ հայտնել է, որ  Մոսկվայի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս ինը՝ վիրավորվել։ Յոթ մունիցիպալիտետներում վնասվել է 47 մասնավոր տուն։

Leave a comment