«Գործելով հանուն բնության»․ ներկայացվել է COP17-ի արծաթե հուշադրամը
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահը, Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, հյուրեր և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
COP17-ին ընդառաջ՝ սա համաժողովի նշանավորման և դրա խորհրդանշական ժառանգության ձևավորման հերթական կարևոր դրսևորումն էր։ Հատկանշական է, որ այն Կենտրոնական բանկի՝ վերամշակված արծաթից պատրաստված առաջին հուշադրամն է։
Համբարձում Մաթևոսյանը կարևորել է, որ Երևանում կայանալիք համաժողովը քաղաքական և մասնագիտական արդյունքներից բացի թողնի նաև տեսանելի ու մնայուն ժառանգություն։ Այս հուշադրամը ևս այդ ժառանգության մի մասն է՝ իր խորհրդով և ստեղծման եղանակով արտահայտելով համաժողովի ուղերձը՝ «Գործելով հանուն բնության»։
Միջոցառման շրջանակում ցուցադրվել են նաև նախորդ տարիներին Կենտրոնական բանկի կողմից թողարկված՝ բնապահպանական թեմատիկայով հուշադրամները՝ ներկայացնելով բնության և կենսաբազմազանության պահպանության թեմայի շարունակական արտացոլումը դրամագիտական նախաձեռնություններում։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին այս կարևոր նախաձեռնության համար։