Զելենսկին հայտնել է, որ ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Թուրքիային պատկանող նավի, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել

Քաղաքականություն

05.10.2026 | 19:36

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Թուրքիային պատկանող նավի, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել։

«Չեզոք ջրերում թուրքական սեփականություն հանդիսացող և եգիպտացորեն տեղափոխող քաղաքացիական նավի վրա ռուսական երկու անօդաչու թռչող սարքերի կողմից սարսափելի հարված է հասցվել։ Նավի վրա եղել են Ադրբեջանի և Հնդկաստանի քաղաքացիներ։ Այս պահի դրությամբ, ցավոք, հայտնի է, որ նավի կապիտանը զոհվել է։ Ցավակցում եմ։ Մեկ այլ անձի ճակատագիրը դեռ պարզվում է։ Փրկվել է անձնակազմի տասնմեկ անդամ, որոնցից մեկը վիրավոր է»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Զելենսկին։

Նա նշել է, որ Ուկրաինան բազմիցս առաջարկել է կոնկրետ քայլեր՝ իրավիճակի լարվածությունը թուլացնելու և Սև ծովում անվտանգությունն ապահովելու համար։ Համապատասխան առաջարկներ են եղել նաև երրորդ երկրներից։ Սակայն Ռուսաստանը հետևողականորեն ընտրում է ահաբեկչությունն ու քաղաքացիական նավերի խորտակումը՝ սովորական ծովային նավարկության փոխարեն։

Ըստ Զելենսկիի՝ անհրաժեշտ է ճնշում գործադրել՝ համաշխարհային պարենային անվտանգությունը վերականգնելու համար։ Եվ յուրաքանչյուր ոք, ով իսկապես շահագրգռված է դրանում, պետք է աջակցի այդ գործընթացին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment