Նոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայությունները կմատուցվեն նոր գրասենյակներում

Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ կենսաչափական նոր ծառայությունները կմատուցվեն մասնավոր գործընկերոջ կողմից՝ ժամանակակից, բարեկարգ և քաղաքացիների հարմարավետ սպասարկման համար նախատեսված գրասենյակներում, հայտնում է ՆԳՆ-ն:

Նոր սպասարկման կենտրոնները կգործեն 14 հասցեում։

Երևանում դրանք կտեղակայվեն «Երևան Մոլում»՝ Արշակունյաց պողոտա 34/3 հասցեում, և «Մեգամոլում»՝ Գայի պողոտա 16 հասցեում։

Արարատի մարզում գրասենյակը կգործի Արտաշատում՝ Օգոստոսի 23-ի փողոց 79/8 հասցեում, Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձորի Կամոյի փողոց 11/1 հասցեում, իսկ Սյունիքի մարզում՝ Կապանի Ա. Մանուկյան փողոց 3/41 հասցեում։

Արմավիրի մարզում սպասարկման կենտրոն կբացվի Վաղարշապատում՝ Վ. Սարգսյան փողոց 111/1 հասցեում, իսկ Արագածոտնի մարզում՝ Աշտարակում՝ Վ. Պետրոսյան փողոց 51/1 հասցեում։

Կոտայքի մարզում նոր գրասենյակներ կգործեն Աբովյանում՝ Է. Պետրոսյան փողոց 4/7, 62 հասցեում, և Հրազդանում՝ Զորավար Անդրանիկի պողոտա 3 հասցեում՝ Հայփոստի տարածքում։

Շիրակի մարզում ծառայությունները կմատուցվեն Գյումրիի Կայարանամերձ հրապարակ 1 հասցեում՝ «Գյումրի» կայարանում, Լոռու մարզում՝ Վանաձորի Աղայան փողոց 76/6 հասցեում, իսկ Տավուշի մարզում՝ Իջևանի Անկախության փողոց 19/79 հասցեում։

Գեղարքունիքի մարզում երկու գրասենյակ կգործի՝ Գավառում՝ Կենտրոնական հրապարակ 1/1 հասցեում՝ Հայփոստի տարածքում, և Մարտունիում՝ Պ. Պռոշյան փողոց 4/12 հասցեում։

2027 թվականի առաջին եռամսյակում նոր գրասենյակների թիվը կհասնի նախատեսված 23-ի։ Լրացուցիչ սպասարկման կենտրոններ կգործեն Սյունիքի մարզի Մեղրի և Գորիս, Արմավիրի մարզի Արմավիր, Տավուշի մարզի Դիլիջան և Բերդ, Լոռու մարզի Ալավերդի և Ստեփանավան, Շիրակի մարզի Արթիկ, ինչպես նաև Արարատի մարզի Արարատ քաղաքներում։

2026-ի աշնանից ՀՀ-ում նոր` կարմիր գույնի կենսաչափական անձնագրեր կներդրվեն: Դրանք համապատասխանելու են միջազգային բարձր չափանիշներին և միաժամանակ արտացոլելու են հայկական ինքնությունը: Ըստ այդմ՝ նախ արտացոլված է ՀՀ ուրվագծային քարտեզը, Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը և առաջին հայատառ նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:

Կապույտ անձնագրերը ուժի մեջ կլինեն մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը:

Leave a comment