ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Էթիկայի հանձնաժողովի նախագահ Մարիա Կարապետյանը մանրամասնել է հանձնաժողովի գործունեության և պատգամավորների նկատմամբ հնարավոր կարգապահական միջոցների կիրառման կարգը։
Կարապետյանը հայտնել է, որ Էթիկայի հանձնաժողովի նիստը կարող է մեկնարկել երեք պատգամավորի ներկայության դեպքում, սակայն որևէ որոշում ընդունելու համար անհրաժեշտ է հինգ կողմ ձայն։ Ձայների հավասար բաշխման պարագայում վճռորոշ է լինելու հանձնաժողովի նախագահի ձայնը, հայտնում է Factor.am-ը:
Նրա ներկայացմամբ՝ անհրաժեշտության դեպքում խմբակցությունները հնարավորություն ունեն փոխարինելու իրենց պատգամավորին, որպեսզի վերջինս կարողանա մասնակցել հանձնաժողովի նիստին, քննարկումներին և քվեարկությանը։
Կարապետյանն ընդգծել է, որ Էթիկայի հանձնաժողովի գլխավոր նպատակը պատգամավորներին պատժելը չէ։ Հանձնաժողովի գործունեությունը միտված է Հայաստանում պատգամավորական էթիկայի մակարդակի բարձրացմանը։
Միաժամանակ նա պարզաբանել է, որ ստացված դիմումների հիման վրա հարցը քննարկելուց հետո հանձնաժողովը եզրակացություն է ներկայացնում էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ։ Դրանից հետո ԱԺ նախագահին առաջարկություն է ներկայացվում համապատասխան կարգապահական միջոց կիրառելու համար։
Կարապետյանի ներկայացմամբ՝ հնարավոր կարգապահական միջոցներից են նախազգուշացումը, ԱԺ մեկ նիստի ընթացքում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկումը, նիստից հեռացումը, ինչպես նաև մինչև յոթ օր Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա գտնվելու իրավունքից զրկումը։