Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ուկրաինական ուժերի հեռահար հարվածների հետևանքով շարքից հանվել է Ռուսաստանի նավթավերամշակման հզորությունների ավելի քան 51%-ը: Կիևի պնդմամբ՝ սա լուրջ հարված է հասցրել Մոսկվայի՝ ռազմաճակատը վառելիքով ապահովելու կարողությանը:
Ըստ ուկրաինական կողմի տարածած հաղորդագրության՝ հարվածներ են հասցվել Մոսկվայի, Յարոսլավլի, Ուստ-Լուգայի, Պերմի, Սարատովի և Սիզրանի նավթավերամշակման գործարաններին: Այս տվյալների անկախ հաստատում դեռևս չկա:
Ռազմաճակատի 1200 կիլոմետրանոց գծում առաջխաղացման դանդաղեցման ֆոնին կողմերն ակտիվացրել են օդային հարվածները: Ուկրաինական հարձակումների հետևանքով Ռուսաստանում առաջացել է վառելիքի ճգնաժամ, ինչը ստիպել էր իշխանություններին սահմանափակել բենզինի վաճառքը:
Ռուսաստանի իշխանությունները պաշտոնապես չեն հայտնում պատճառված վնասի հստակ չափերը, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին «Վալդայ» ակումբի հանդիպման ժամանակ խոստովանել է, որ հարվածները Ռուսաստանին պատճառել են ՀՆԱ-ի շուրջ 1%-ի չափով վնաս:
«Նրանք սկսեցին հարվածել նավթավերամշակման գործարաններին և բացահայտ հայտարարեցին մեր տնտեսությանը վնաս հասցնելու նպատակի մասին: Հասա՞ն իրենց նպատակին. մասամբ»,- նշել է Պուտինը: