Ադրբեջանցի զինծառայողը ՀՀ ներթափանցելուց, պետական սահմանը ապօրինի հատելուց և մի շարք այլ հանգամանքներից բացի, կատարել է նաև մարդու կյանքի դեմ ոտնձգություն, որը իրականացրել է կնոջ և երեխաների՝ մի խումբ անձանց դեմ, ճեպազրույցի ընթացքում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։
Նա հավելել է, որ կատարված արարքների համատեքստում կարող է քննարկվել նաև ցմահ ազատազրկման հնարավորությունը, գրում է Aysor.am-ը:
«Այստեղ ընդհուպ ցմահ ազատազրկման հնարավորությունը կարող է դիտարկվել, որովհետև կարծես անձի կամքից անկախ է, որ վրա չի հասել ողբերգական հետևանքը։ Նշված ադրբեջանցու ազգային պատկանելությունը տեղին է ընդգծել, որովհետև դա փաստական տվյալ է»,-ասել է նա:
Վարդևանյանը հայտարարել է, որ այս դեպքում գործ ունեն բացառիկ իրավիճակի հետ, որի ընթացքում գործել է նաև մայրական բնազդը։
Պատգամավորը քաջառողջություն է մաղթել ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը։
Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն և հայտնաբերվելուց հետո զենքից կրակոցներ է արձակել։ Կրակոցի հետևանքով վիրավորվել է 1987 թվականին ծնված կինը, վնասվածքներ են ստացել նաև նրա 3 երեխաներից 2-ը: Դրանից հետո ադրբեջանցին փախուստի է դիմել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել է Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում։ Նա 2 ամսով կալանավորվել է: