Թեհրանում գտնվող ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը ԻԻՀ արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ ունեցած հանդիպմանը ներկայացրել է TRIPP նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները և դրա միջոցով տարածաշրջանային երկրներին ընձեռվող նոր հնարավորությունները:
Զրուցակիցները մանրամասն քննարկել են Հայաստանի և Իրանի հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի ամբողջ շրջանակը։ Երկու կողմն էլ ընդգծել է հարաբերությունների ռազմավարական բնույթը, որն արտացոլվել է ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագրում և գործնական դրսևորում է ստացել ինչպես բարձրագույն մակարդակի երկխոսության դինամիկայում, այնպես էլ կարևոր ծրագրերի իրականացման գործընթացում, հայտնում է ԱԳՄԱ նախարարությունը:
Արարատ Միրզոյանն ու Սեյեդ Աբբաս Արաղչին անդրադարձել են տարբեր բնագավառներում համագործակցության ծրագրերին, այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտի և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում։ Քննարկվել է Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամրջի կառուցումը, ինչպես նաև էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը հնարավորինս արագ ավարտելու կարևորությունը։ Կողմերն անդրադարձել են նաև երկու երկրների միջև բեռնափոխադրումների դյուրացման հարցերին։
Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները մտքեր են փոխանակել ապաշրջափակման արդյունքում առաջացող առավելությունների ու տարածաշրջանային փոխկապակցվածության նախագծերի վերաբերյալ։ Ընդգծվել է Իրանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին։
Կողմերը կարևորել են հանրային տեղեկատվության ոլորտում շարունակական համագործակցությունը, այդ թվում՝ մեդիա տիրույթում անհարկի շահարկումներին պատշաճ կերպով հակազդելու տեսանկյունից։
Նախարարները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։ Այդ համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է ուշադրությամբ հետևել ընթացիկ իրավիճակին՝ կարևոր համարելով առկա խնդիրները բանակցությունների միջոցով կարգավորելուն ուղղված ջանքերը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։
Հայաստանը և Միացյալ Նահանգները հունիսի 4-ին հեռավար ձևաչափով ստորագրել են TRIPP -ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը։ Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, իսկ ամերիկյան կողմից՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։