Վարդևանյան․ Հանրային ծառայողի հեղինակությունը պետք է լինի այնքան բարձր, որ չհանդգնեն օգտագործել քաղաքական գործընթացում

Հանրային ծառայողի հեղինակությունը պետք է լինի այնքան բարձր, որ որևէ մեկը չհանդգնի նրան օգտագործել քաղաքական գործընթացի մեջ, հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը՝ դիմելով ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանին:

«Ձեր պատասխանները հաստատեց մեր այն արձանագրումները, որոնք ներկայացրել էին ԵԽԽՎ բանաձևով, մինչ այդ՝ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի դիտորդական առաքելության կողմից, որ ՔՊ-ի նախընտրական ցուցակը 90% և ավելի բաղկացած էր հանրային ծառայողներից»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Քալաշյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում նախատեսող նախագիծը, որով առաջարկվում է հունիսի 23-ը սահմանել որպես Հանրային ծառայողի օր։

Հարցնելով, թե ինչով է պայմանավորված հենց այժմ Հանրային ծառայողի օրն օրենքով ամրագրելու նախաձեռնությունը՝ Վարդևանյանը նշել է, որ վերջին ութ տարիների պատասխանատվությունը կրել է ՔՊ-ն։

ԱԺ փոխխոսնակը Քալաշյանին առաջարկել է պատկերացնել մի իրավիճակ, երբ հանրային ծառայողները մասնակցել են հավաքների և իրենց աջակցությունը հայտնել ՔՊ-ին։ Նրա խոսքով՝ եթե պատասխանատու գրասենյակի ղեկավարն անձամբ մասնակցում է ՔՊ-ի ամփոփիչ հանրահավաքին, ապա անհրաժեշտ է գնահատել, թե դա ինչ ազդեցություն կարող է ունենալ իր գրասենյակի և մյուս հանրային ծառայողների վրա։

Վարդևանյանը նշել է, որ այդ հարցին պատասխան է տվել Սահմանադրական դատարանը՝ կուսակցականացման վերաբերյալ 1835 որոշմամբ։

«Նախագծի հիմնավորման մեջ պետք է ավելացվի, որ Հանրային ծառայողի օր սահմանելով, ոչ միայն բառերով ընդգծվի հանրային ծառայողի կարևորությունը և հանային ծառայողի անկախության երաշխիքը վարչական ռեսուրսի չարաշահման գործիք չդառնալու խորհորդ պետք է ունենա։

«Այսինքն հունիսի 23-ի խորհուրդը հենց դրանում պետք է լինի»,- ասել է Վարդևանյանը։

Քալաշյանը նշել է, որ օրենքով ամրագրված է հանրային ծառայողի՝ քաղաքական չեզոքություն պահպանելու պահանջը։ Նա պարզաբանել է, որ ՔՊ-ի ամփոփիչ հանրահավաքին մասնակցել է՝ ծրագիրը լսելու նպատակով, քանի որ այն հետագայում պետք է դառնար կառավարության ծրագիրը։

Վարդևանյանն արձագանքել է. «Խոսելով քաղաքական չեզոքության մասին, լինելով հանրային պաշտոն զբաղեցնող բարձրաստիճան անձ՝ մասնակցում եք հանրային հավաքի։

Դուք նախընտրական շրջանում մասնակցելով հավաքին, գիտեի՞ք ով է ընտրվում, որ մի հատ էլ դրա շրջանակներում ասում եք, դե եկել եմ լսեմ, թե ինչ ծրագիր են ներկայացնում, որովհետև հետո դա պետք է կառավարության ծրագիր դառնա։ Բա մենք էլ ենք, դա ասում, որ այսպիսի խնդիրներ են եղել, դրա համար էլ ընտրությունների լեգիտիմության հետ կապված ընդհուպ ԵԽԽՎ-ից են խոսում…

Հանրային ծառայողի հեղինակությունը պետք է լինի այնքան բարձր, որ որևէ մեկը չհանդգնի նրան օգտագործել քաղաքական գործընթացի մեջ»։

Leave a comment