Դուք որևիցե հարցի պատասխանելու ընդունակ չեք․ Լիաննա Գասպարյանը՝ Քաղծառայության գրասենյակի պետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիաննա Գասպարյանը ԱԺ պետիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում, անդրադառնալով ներկայացված նախագծի հիմնավորումներին, հարցադրում բարձրացրեց մեկ միասնական համակարգի ձևավորման անհրաժեշտության վերաբերյալ։

Հիշեցնենք՝ պետիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվում է հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու մասին նախագիծը։

Գասպարյանի խոսքով՝ եթե նախագծի հիմնավորման մեջ նշվում է որակյալ ծառայությունների մատուցման և պետության զարգացման մասին, ապա դա նշանակում է, որ նախկին տարիներին պետությունը թերացել է այդ հարցում։

Գասպարյանը նաև հայտարարեց, որ օրենքի նախագիծը կրում է ձևական բնույթ և, հնարավոր է, միտված է որոշակի անձի՝ հանրային միջոցառումներին մասնակցությունը բացառելուն․ «Ես հասկացա, որ Դուք որևիցե հարցի պատասխանելու ընդունակ չեք։ Եվ պետք է արձանագրենք, որ, այո՛, Ձեր կողմից ներկայացված այս օրենքը ընդամենը ձևական բնույթ է կրում»։

Վաչե Քալաշյանը, արձագանքելով պատգամավորի քննադատությանը, նշեց, որ որևէ համակարգ կատարյալ չէ, սակայն կարևոր է դրա կենսունակությունն ու զարգացման ներուժը։

«Իմ խորին համոզմամբ՝ կատարյալ համակարգեր չեն լինում, բայց համակարգը կենսունակ է, եթե ունի կատարելության ձգտում և ներքին ներուժ… Հակառակ դեպքում կատարելությունն այն վերջնասահմանն է, որից հետո համակարգը այլևս չի զարգանում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment