Սամվել Կարապետյանի վարչապետ դառնալը այդքան էլ հեշտ գործ չէ․ Նարեկ Կարապետյանի մոլորեցնող հայտարարությունները

«Մեր ձևով» շարժման առաջնորդ Նարեկ Կարապետյանը փետրվարի 12-ին իրենց ուժի վարչապետի թեկնածուի՝ Սամվել Կարապետյանի անունը հայտարարելիս ներկայացրեց՝ ինչպես է նա անցնելու վարչապետ դառնալու ուղին, քանի որ Կարապետյանը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության պահանջներին՝ վերջին չորս տարում մշտապես չի ապրել Հայաստանում, ինչպես նաև ունի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն։

«Մեր Սահմանադրությունը ունի 148 հոդված, որը սահմանում է, թե ով պետք է լինի մեր երկրի վարչապետը, իսկ ինչպես է փոփոխվում, որոշվում 148 հոդվածը։ Փոփոխվում է Ազգային ժողովում, Ազգային ժողովի քվեարկությամբ և ոչ թե սահմանադրական բարեփոխումներով։ Իսկ ի՞նչ ընտրություն է լինելու հունիսի 7-ին…»,-հայտարարել է Կարապետյանը։ 

Այնուհետև նա իր խոսքը հաստատելու համար դահլիճին հորդորել է լսել 5 իրավաբան մասնագետների (Գևորգ Դանիելյան, Սիրանույշ Սահակյան, Արթուր Ղամբարյան,  Ալվինա Գյուլումյան, Վարդան Պողոսյան) խոսքը, որտեղ այդ մասնագետները ներկայացնում են, որ Սահմանդրության 148 հոդվածի փոփոխությունը «բավականին ճկուն է», այն հնարավոր է փոփոխել Ազգային ժողովի միջոցով՝ փոփոխությունների տեքստի ընդունմամբ։ 

Դահլիճին ներկայացված տեսանյութում այս մասնագետները միայն նշում են, որ Ազգային ժողովը կարող է փոփոխել կառավարության անդամին ներկայացվող պահանջների մասին Սահմանադրության 148-րդ հոդվածը, սակայն չեն ներկայացնում՝ ինչ պայմաններում է դա հնարավոր, ինչպես կարելի է հասնել այդ փոփոխությանը ու ինչ ճանապարհ է դրա համար անհրաժեշտ։

Նարեկ Կարապետյանը ևս, անտեսելով օրենսդրական բոլոր պահանջները, շարունակել է՝ հայտարարելով, թե հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից 20 օր անց Ազգային ժողովի առաջին նիստին հանդես կգան օրենսդրական համապատասխան նախաձեռնությամբ, որ թույլ տան միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող ցանկացած անձի, այդ թվում՝ Սամվել Կարապետյանին դառնալ ՀՀ վարչապետ։ 

Սահմանադրության 148-րդ հոդվածը փոխելու համար անհրաժեշտ է սահմանադրական մեծամասնություն

Սահմանադրության 148-րդ հոդվածը սահմանում է վարչապետին ներկայացվող պահանջները՝ ՀՀ քաղաքացիություն, վերջին 4 տարում մշտապես ՀՀ-ում բնակվելու պահանջ և այլն։ Սա Սահմանադրության նորմ է, ոչ թե օրենք։ Դրա փոփոխությունը չի կարող կատարվել սովորական օրենքի փոփոխությամբ։  Սահմանադրական փոփոխության համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 2/3-րդի քվեն (առնվազն 72 ձայն գործող 107-հոգանոց խորհրդարանում)։

Այսինքն՝ սա ոչ թե պարզապես «բացարձակ մեծամասնություն» է (54+ ձայն), այլ սահմանադրական մեծամասնություն (70+ ձայն)։

Ստացվում է՝ Սամվել Կարապետյանի թիմը կարող է 148-րդ հոդվածում փոփոխություն կատարել միայն սահմանադրական մեծամասնություն ունենալու պարագայում։ Այս դեպքում նրանք չեն ունենա իրավական խոչընդոտ անմիջապես ձեռնարկել այդ փոփոխությունը։

Արդյոք Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու համար բավարար է միայն խորհրդարանի քվեարկությունը։ Ոչ ամբողջությամբ։ Գործընթացը ներառում է նաև՝ 

  • Նախաձեռնության ներկայացում, որը կարող է անել կառավարության կամ պատգամավորների առնվազն 1/5-ը
  • Սահմանադրական դատարանի եզրակացություն՝ կախված նախաձեռնության տեսակից (15 օրյա ժամկետ)
  • 2/3 քվեարկություն ԱԺ-ում
  • Ստորագրում Հանրապետության նախագահի կողմից


Այսինքն՝ այս գործընթացը ամբողջական սահմանադրական փոփոխության ընթացակարգ է, ոչ թե «օրենսդրական որոշում»։ Փաստացի, Նարեկ Կարապետյանի ձևակերպումը, թե «148-րդ հոդվածը փոփոխվում է Ազգային ժողովի քվեարկությամբ և ոչ թե սահմանադրական բարեփոխումներով», իրավական առումով մոլորեցնող է, քանի որ ՀՀ Սահմանադրության հոդվածի փոփոխությունը հենց սահմանադրական բարեփոխում է։

Բացի այդ փոփոխությունը, անհրաժեշտ է նաև Հայաստանի ընտրական օրենսդրության ու այլ հարակից օրենքներում կատարել համապատասխան փոփոխություններ՝ գործընթացն ամբողջացնելու համար։ Իսկ դրա համար ժամանակ է անհրաժեշտ։

Որո՞նք են լինելու նոր ԱԺ-ի առաջին քայլերը 

Ինչպես պարզեցինք, եթե ընտրությունների արդյունքում որևէ ուժ չունի 2/3 մանդատ, ապա 148-րդ հոդվածի փոփոխությունը դառնում է անհնար։ Այդ դեպքում վարչապետ կարող է նշանակվել միայն այն թեկնածուն, որը համապատասխանում է գործող սահմանադրական պահանջներին։ Հետևաբար ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն, Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:

Այնուհետև, ԱԺ առաջին նստշրջանում ընտրվում են ԱԺ նախագահը, ԱԺ նախագահի տեղակալները, ձևավորվում են խմբակցությունները, ձևավորվում են մշտական հանձնաժողովները («Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենք-խմբ․)։

Եթե նոր խորհրդարանի պարզ մեծամասնությունը ձևավորել է Սամվել Կարապետյանի ուժը, ապա վարչապետ է նշանակվում նրանց ցուցակի առաջին համարի թեկնածուն։ Այդ վարչապետը իր հերթին պետք է ձևավորի իր ղեկավարած կառավարության կազմը, ներկայացնի կառավարության գործունեության ծրագիրը։ Եթե Սամվել Կարապետյանի թիմը մեծ ցանկություն ունի նրան դարձնել վարչապետ, ապա Սահմանադրական բարեփոխումներից, օրենսդրական այլ փոփոխություններից հետո նշանակված վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի և հետո միայն ընտրվի Սամվել Կարապետյանը։ Իսկ դրա համար տևական ժամանակ է անհրաժեշտ։

Այսպիսով, թեև Սահմանադրության 148-րդ հոդվածը կարող է փոփոխվել Ազգային ժողովի կողմից, սակայն դրա համար պահանջվում է սահմանադրական ընթացակարգ՝ ներառյալ Սահմանադրական դատարանի պարտադիր եզրակացությունը և պատգամավորների առնվազն երկու երրորդի քվեն։ Հետևաբար իրավական առումով գործնականում անհնար է նորընտիր խորհրդարանի առաջին նիստերում կամ կարճ ժամկետներում միաժամանակ փոխել Սահմանադրությունը և նշանակել նոր չափանիշներին համապատասխանող վարչապետ։

 

Հասմիկ Համբարձումյան

The post Սամվել Կարապետյանի վարչապետ դառնալը այդքան էլ հեշտ գործ չէ․ Նարեկ Կարապետյանի մոլորեցնող հայտարարությունները appeared first on FIP.AM.

Leave a comment