Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, որոնք կարող են ազդարարել ԵՄ վերջին խոշոր սոցիալիստական կառավարության անկումը և քաղաքական առաջնագծից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Եվրոպայի գլխավոր քննադատներից մեկի հեռացումը, գրում է Politico-ն։
Սանչեսի դիրքերն առանց այդ էլ թուլացել էին նրա ղեկավարած Սոցիալիստական կուսակցությանը ցնցած կոռուպցիոն գործերի պատճառով։ Ամռանը նա նոր հարված ստացավ, երբ բուռն քննադատության արժանացավ Հյուսիսային Աֆրիկայի իսպանական էքսկլավ Սեուտայում շարունակվող միգրացիոն ճգնաժամի կառավարման համար։ Սակայն բնակարանների անմատչելիության սուր խնդիրը, որն Իսպանիայում ընտրողների մտահոգությունների ցանկի առաջին հորիզոնականում է և համազգային բողոքի ակցիաների պատճառ է դարձել, վերջապես դրդել է Սանչեսին արտահերթ ընտրություններ նշանակել։ Ըստ ամենայնի, նա փորձում է նախընտրական պայքարի կենտրոնում բերել այն թեման, որը, նրա կարծիքով, կարող է աշխատել իր օգտին, ասվում է հրապարակման մեջ։
Ուրբաթ պատգամավորները մերժել էին բնակարանային ճգնաժամին արձագանքելուն ուղղված երկու օրինագիծ։ Ճգնաժամի դեմ երկրով մեկ խոշոր բողոքի ակցիաներ են սկսվել անցած շաբաթվանից՝ 87-ամյա Մարիկարմեն Աբասկալին Մադրիդի բնակարանից վտարելու պատճառով, որտեղ նա բնակվում էր 1956 թվականից։
Թեև Սանչեսը քաղաքական ճգնաժամերից վերականգնվելու վարպետի համբավ է ձեռք բերել, վերջին ճգնաժամն իր օգտին օգտագործելու համար նա լուրջ դժվարությունների առջև է կանգնած։
Հարցումները վկայում են, որ երկիրը քվեարկությամբ կարող է ընտրել կենտրոնամետ աջ «Ժողովրդական կուսակցության» (PP) գլխավորած կառավարություն։ Ներկայում կուսակցությանն աջակցում է ընտրողների 34%-ը, մինչդեռ Սոցիալիստական կուսակցությանը՝ 26%-ը։ Ըստ POLITICO-ի հարցումների (Poll of Polls)՝ PP-ն, ամենայն հավանականությամբ, կգործակցի ծայրահեղ աջ «Վոքս» (Vox) կուսակցության հետ, որը, կանխատեսումների համաձայն, կարող է ստանալ 18% ձայն։
Ընտրություններ նշանակելու մասին հայտարարության ժամանակ Սանչեսը նախազգուշացրել է ծայրահեղ աջ ուժերի աճի վտանգի մասին։
«Դուք՝ Իսպանիայի ժողովուրդը, պետք է որոշեք, թե ինչ դեր եք ցանկանում ունենալ այս դարաշրջանում, և ինչ դեր եք ցանկանում, որ Իսպանիան ունենա»,- ասել է նա ժողովրդին ուղղված իր ուղերձում։
«Դուք պետք է որոշեք՝ միանալ ծայրահեղ աջ ալիքին, որը, որտեղ էլ իշխի, հետընթաց է առաջ բերում, թե՞ ցանկանում եք, որ Իսպանիան շարունակի մնալ բացության, սոցիալական արդարության և բնապահպանական պատասխանատվության ամրոց»,- հավելել է նա։
Թեև նրա ժողովրդականությունը երկրի ներսում նվազել է, վերջին մեկ տարվա ընթացքում Սանչեսն ավելի մեծ հեղինակություն է ձեռք բերել միջազգային ասպարեզում՝ որպես արևմտյան առաջնորդներից մեկը, որն ամենակտրուկ կերպով քննադատել է և՛ Թրամփին, և՛ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Գազայի և Իրանի շուրջ հակամարտությունների հետ կապված։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի