Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է սահմանվել՝ ժանտախտի կասկածով (PAN.am)

Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է սահմանվել հակաժանտախտային ինստիտուտի աշխատակցուհու մահից հետո։ Այդ մասին հոկտեմբերի 4-ին հայտնել է «Լյուդի Բայկալա» պարբերականը։ Միաժամանակ իշխանությունները պնդում են, որ մահացածի մոտ «նրա մասնագիտական գործունեության հետ կապված միկրոօրգանիզմներ չեն հայտնաբերվել»։

«Լյուդի Բայկալայի» տեղեկություններով՝ կարանտինի պատճառով փակվել են քաղաքի թիվ 1, 3 և 10 կլինիկական հիվանդանոցները, ինչպես նաև ծննդատունը և Իվանո-Մատրյոնինսկայա մանկական կլինիկական հիվանդանոցը։ Բացի այդ, Շելեխովում՝ Իրկուտսկի ալյումինի գործարանում, դիմակային ռեժիմ է սահմանվել։ Այդ մասին հոկտեմբերի 3-ին, Տելեգրամում հայտնել է ձեռնարկության տնօրեն Արտյոմ Ֆոմինիխը, գրում է Deutsche Welle-ն:

Հոկտեմբերի 2-ի գիշերն Իրկուտսկում մահացել է Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտի 28-ամյա լաբորանտ Դարյա Շիպիլովան։ Նրա մահվան պատճառը պաշտոնապես չի նշվել։ Ռոսպոտրեբնադզորը պետական լրատվամիջոցներին հայտնել է, որ պացիենտի մոտ եղել է «անհասկանալի ծագման թոքաբորբ»։ Գերատեսչությունը չի հստակեցրել աշխատակցուհու անունն ու պաշտոնը՝ միայն տեղեկացնելով, որ խոսքն ինստիտուտում աշխատած անձի մասին է։

Հարևան Բուրյաթիայի ղեկավար Ալեքսեյ Ցիդենովն ավելի վաղ Max-ում գրել է, որ մահվան պատճառը ժանտախտն է եղել։

Տարածաշրջանի նահանգապետ Իգոր Կոբզևը հոկտեմբերի 2-ին Տելեգրամում հայտնել է, որ անցկացվել է մարզային սանիտարահակահամաճարակային հանձնաժողովի արտահերթ նիստ՝ ՌԴ գլխավոր պետական սանիտարական բժիշկ Աննա Պոպովայի մասնակցությամբ։ Նիստի համար հիմք է դարձել տարածաշրջանի բնակչի մոտ «հատկապես վտանգավոր վարակով» հիվանդանալու կասկածի վերաբերյալ տեղեկությունը։ Կոբզևը վարակի հարուցիչը չի նշել։

Նահանգապետի խոսքով՝ իրականացվել է «հակահամաճարակային միջոցառումների ամբողջական համալիր», իսկ հայտնաբերված բոլոր կոնտակտավոր անձինք վերցվել են բժշկական հսկողության տակ։

Արտյոմ Ֆոմինիխն ավելի ուշ Տելեգրամում ևս մեկ գրառում է կատարել՝ պնդելով, որ ձեռնարկությունում դիմակային ռեժիմը պարբերաբար սահմանվում է «շնչառական հիվանդությունների սեզոնայնությունը հաշվի առնելով»։

Միևնույն ժամանակ «Լյուդի Բայկալա» տելեգրամյան ալիքը հայտնել է, որ կարանտինն ընդլայնվել է՝ ընդգրկելով Իրկուտսկի ևս մի քանի հիվանդանոց, այդ թվում՝ մանկական հիվանդանոցը և ծննդատունը, իսկ դեղատներում «հակաբիոտիկները սպառվել են»։

Leave a comment