Միներալնիե Վոդիում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Նյուպպան ներկայացրել է հայ-ռուսական հումանիտար և տարածաշրջանային համագործակցության ընթացքը՝ առանձնացնելով նաև քույր քաղաքների միջև հարաբերությունները։
Նա նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները, անկախ քաղաքական կոնյունկտուրայից, ցանկանում են շարունակել դարերի ընթացքում ձևավորված մարդկային կապերի խորացումը, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Ինչպիսին էլ լինի քաղաքական կոնյունկտուրան, մեր երկրների՝ Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները ցանկանում են շարունակել կառուցել և խորացնել մարդկային կապերը, որոնք ձևավորվել են դարերի ընթացքում», – ասել է դիվանագետը։
Նյուպպան նշել է, որ ռուս-հայկական համագործակցությունը շարունակում է զարգանալ նաև տարածաշրջանային շփումների մակարդակով։ Դիվանագետը հատկապես կարևորել է հումանիտար կապերը։
Նա հիշեցրել է, որ հայ երաժիշտները, նկարիչներն ու քանդակագործներն ավանդաբար մասնակցել են Ստավրոպոլի երկրամասում անցկացվող մրցույթներին և փառատոներին։ Հայաստանի և Ստավրոպոլի երկրամասի քաղաքների միջև նաև քույր քաղաքների հարաբերությունների վերաբերյալ պայմանագրեր են գործում։
Մասնավորապես, Ստավրոպոլն ու Երևանը քույր քաղաքներ են դարձել 2013 թվականին, իսկ Պյատիգորսկն ու Դիլիջանը՝ 2018 թվականին։
«Կողմերը քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների և հասարակական կազմակերպությունների մակարդակով ակտիվորեն համագործակցում են մշակույթի, կրթության, գիտության, երիտասարդական քաղաքականության և սոցիալական աշխատանքի ոլորտներում», – ընդգծել է Նյուպպան։