Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի․ նախկին նախագահի որդին կմրցի երկրի գործող ղեկավարի հետ

Քաղաքականություն

05.10.2026 | 11:20

Բրազիլիայում նախագահական ընտրությունների առաջին փուլի քվեաթերթիկների 99,99 տոկոսի հաշվարկից հետո առաջատարը Ռիո դե Ժանեյրո նահանգից սենատոր, նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի ավագ որդի Ֆլավիու Բոլսոնարուն է։ Քաղաքական գործիչը ստացել է ձայների 47,03 տոկոսը: Այս մասին են վկայում Բրազիլիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները, գրում է  DW-ի ռուսական ծառայությունը։

Բոլսոնարու կրտսերին փոքր տարբերությամբ հաջորդում է երկրի գործող նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան։ Ձախ քաղաքական գործիչը ստացել է ընտրողների ձայների 45,16 տոկոսը։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է 78,92 տոկոս։

Քանի որ թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել 50 տոկոսի շեմը, Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի։ Այն նախատեսված է հոկտեմբերի 25-ին։

2022 թվականին էլ ընտրությունների երկրորդ փուլում Լուլա դա Սիլվան հաղթել էր Ժաիր Բոլսոնարուին՝ իր ներկայիս մրցակից Ֆլավիու Բոլսոնարուի հորը։ Պարտված քաղաքական գործիչն այն ժամանակ հրաժարվել էր ճանաչել քվեարկության արդյունքները, իսկ նրա կողմնակիցները դուրս էին եկել բողոքի ցույցերի։ Հետագայում Բոլսոնարու ավագը պետական հեղաշրջման փորձի համար դատապարտվել է երկարաժամկետ ազատազրկման։

Թեև 45-ամյա Ֆլավիու Բոլսոնարուն իր նախընտրական քարոզարշավում, ի թիվս այլ խոստումների, շեշտը դրել է հանցավորության դեմ պայքարի վրա, նախկինում նա նույնպես կասկածվել է կոռուպցիայի և միջոցների ապօրինի յուրացման մեջ։ 2019 թվականին քաղաքական գործչի դեմ գործեր են հարուցվել՝ նրա ենթակայության տակ գտնվող, սակայն գոյություն չունեցող անձանց համար վճարումներ ստանալու, ինչպես նաև նրա բանկային հաշվին կատարված կասկածելի փոխանցումների հետ կապված։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment