Սերբական Հանրապետությունում (Բոսնիա և Հերցեգովինայի կազմում գտնվող վարչական միավոր) իշխող «Անկախ սոցիալ-դեմոկրատների միություն» կուսակցության առաջնորդ Միլորադ Դոդիկը հայտարարել է ընտրություններում իր կուսակցության հաղթանակի մասին և շնորհակալություն հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ քվեարկությունից առաջ ցուցաբերած աջակցության համար։
«Ես հայտարարում եմ հաղթանակի մասին բոլոր մակարդակներում։ Շնորհակալություն բոլորիդ։ Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել են մեզ», – ասել է Դոդիկը մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ «Անկախ սոցիալ-դեմոկրատների միությունը» և դրա կոալիցիոն գործընկերները կապահովեն տեղերի երկու երրորդը Սերբական Հանրապետության նորընտիր խորհրդարանում։
«Շնորհակալություն մեր բոլոր ընկերներին, ովքեր նպաստել են այս հաղթանակին։ Ես նաև շնորհակալություն եմ հայտնում նախագահ Պուտինին, ով հանդիպել է մեզ հետ ընտրություններից առաջ», – ընդգծել է քաղաքական գործիչը։
Ավելի վաղ Բոսնիա և Հերցեգովինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել էր, որ նախնական արդյունքներով առաջատար են «Անկախ սոցիալ-դեմոկրատների միության» թեկնածուները՝ Սավո Մինիչը (Սերբական Հանրապետության նախագահի պաշտոնի համար պայքարում) և Ժելկա Ցվիյանովիչը (երկրի Նախագահության կազմում սերբ անդամի պաշտոնի համար պայքարում)։