ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է․
«Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ։
Ձեր կատարած աշխատանքն արժանի է ամենօրյա գնահատանքի: Դուք ոչ միայն գիտելիք եք փոխանցում, այլև կերտում սերունդ, որը վաղը վճռորոշ որոշումներ է կայացնելու մեր պետության համար:
Ես հիշում եմ, թե ինչպիսի անձնվիրությամբ էիք մեզ ուսանում անգամ ամենադժվարին ժամանակներում՝ առանց ջեռուցման, հոսանքի, արկերի հարվածների տակ:
Հիմա ևս հեշտ ժամանակներ չեն. թիրախավորվում են ազգային արժեքները, ավանդույթները, խմբագրվում է պատմությունը:
Վստահ եմ, որ այս մարտահրավերներին ևս դիմակայելու եք:
Դուք պետք է ամեն օր զգաք հանրության ու պետության աջակցությունը: Դա պետք է դրսևորվի ոչ միայն արժանապատիվ վարձատրությամբ, այլ նաև՝ Ձեր աշխատանքն իրապես գնահատելով ու համապատասխան վերաբերմունքով:
Շնորհակալությունս և պատկառանքս այն բոլոր ուսուցիչներին, ում համար կրթելը ոչ միայն աշխատանք է, այլև առաքելություն»։