ԱԺ պատգամավոր Արեգա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանի գրառմանը։ X հարթակում արված հայտարարության մեջ, որտեղ տեղեկացվում էր ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Իրան կատարելիք պաշտոնական այցի մասին, օգտագործվել է Իրանի նախկին՝ մինչհեղափոխական դրոշի էմոջին։
Պատգամավորն ընդգծել է, որ Իրանում այդ դրոշի նկատմամբ առկա է խիստ զգայուն վերաբերմունք, քանի որ այն կիրառվել է մինչև հեղափոխությունը, իսկ այսօր օգտագործվում է արտերկրում Իրանի դեսպանատների դեմ բողոքի ակցիաների ժամանակ։
«Պատահակա՞ն է. վատ է, քանի որ այս նրբություններին պետք է տիրապետի բարձրաստիճան դիվանագետը։ Միտումնավո՞ր է. շատ վատ է, քանի որ մեր հարևանները գերզգայուն են նման հարցերի նկատմամբ։ Եվ հենց այսպիսի «դետալների» պատճառով նաև մեր փոխհարաբերությունների նշաձողը իջնում և իջնում է»,- գրել է Արեգա Հովսեփյանը։