Իրանն ու Հայաստանը Նորդուզի սահմանային անցակետում կայացած համատեղ հանդիպման ընթացքում ընդգծել են սահմանային խոչընդոտների վերացման, առևտրային տրանսպորտի տեղաշարժի դյուրացման, ինչպես նաև տարածաշրջանային առևտրի և տարանցման ծավալների ավելացման անհրաժեշտությունը։
Ինչպես հայտնում է Pars Today-ը՝ հղում անելով ILNA-ին, հանդիպմանը մասնակցել են Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Ռեզա Աքբարին, Իրանի ճանապարհային տրանսպորտի և ճանապարհների պահպանության կազմակերպության ղեկավարը և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տրանսպորտային և լոգիստիկ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։
Կողմերը պայմանավորվել են մի շարք ուղղությունների շուրջ, այդ թվում՝ կրճատել սահմանային և մաքսային ընթացակարգերի անցկացման ժամանակը, բարելավել պաշտոնական սահմանային անցակետերում սպասարկումը, բարձրացնել տերմինալների արդյունավետությունը և ամրապնդել լոգիստիկ ենթակառուցվածքները։