Արաբական Միացյալ Էմիրությունների գլխավոր դատախազը հայտարարել է, որ Flydubai-ի երկրորդ օդաչուն այս շաբաթվա սկզբին իրականացված չվերթի ընթացքում «փորձել է իրականացնել ահաբեկչական գործողություն»՝ օդաչուների խցիկում «վթարային կացնով» հարձակվելով հրամանատարի վրա։
Պետական WAM լրատվական գործակալությունը, հղում անելով դատախազ Համադ Սաիֆ ալ Շամսիին, հայտնել է, որ FZ1073 չվերթի ժամանակ հարձակվողը փորձել է վերահսկողություն հաստատել օդանավի կառավարման համակարգերի նկատմամբ։
Նրա խոսքով՝ հետաքննությունը շարունակվում է «միջադեպի բոլոր հանգամանքները, դրա դրդապատճառները և առնչվող կապերը բացահայտելու, ինչպես նաև տեխնիկական փորձաքննություններն ավարտելու և իրեղեն ու թվային ապացույցներն ուսումնասիրելու համար», հայտնում է Al Jazeera-ն:
Ալ Շամսին նշել է, որ անհրաժեշտ ընթացակարգերի ավարտից անմիջապես հետո կհրապարակվեն վերջնական արդյունքները։
Վթարային կացինն օդաչուների խցիկում պահվող գործիք է, որը նախատեսված է արտակարգ իրավիճակներում օդանավի կառուցվածքը կտրելու համար։ 174 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը չորեքշաբթի Դուբայից ուղևորվել է Թել Ավիվ, երբ երկրորդ օդաչուն վիրավորել է հնդիկ օդաչու Սմիթ Մաչհարին, որն օգնություն ստանալու նպատակով բացել է օդաչուների խցիկը։
Հարձակվողի ինքնությունը պաշտոնապես չի հրապարակվել, սակայն լրատվամիջոցները, հղում անելով անանուն աղբյուրների, հայտնել են, որ նա Օմանի քաղաքացի Համամ ալ Համամին է։
Օդանավը կարճ ժամանակում կորցրել է մոտ 17 հազար ֆուտ՝ 5180 մետր բարձրություն, որից հետո ուղևորներն ու անձնակազմը կարողացել են վնասազերծել հարձակվողին, իսկ երկու այլ օդաչուներ վերահսկողություն են հաստատել ինքնաթիռի նկատմամբ։
Չվերթի երթուղին փոխվել է, և օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի հյուսիս-արևմուտքում՝ Թաբուքի արքայազն Սուլթան բին Աբդուլազիզի անվան միջազգային օդանավակայանում։
Սաուդյան Արաբիայի իշխանությունները ձերբակալել են երկրորդ օդաչուին և նրան հանձնել ԱՄԷ-ին, որը ղեկավարում է հետաքննությունը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը պարզում է՝ արդյոք երկրորդ օդաչուն գործել է որևէ մեկի ցուցումով՝ զգուշացնելով, որ ներգրավված յուրաքանչյուր ոք «ծանր գին» կվճարի։
Միջադեպից հետո Flydubai-ը դադարեցրել է Իսրայել իրականացվող բոլոր չվերթները, իսկ իսրայելական El Al-ը չեղարկել է նախատեսված թռիչքները, ինչի հետևանքով մի շարք իսրայելցիներ մնացել են ԱՄԷ-ում։
Հոկտեմբերի 2-ին Գրինվիչի ժամանակով ժամը 22:00-ին, իսրայելական Arkia ավիաընկերության իրականացրած առաջին հայրենադարձման չվերթը Դուբայից ժամանել է Թել Ավիվի Բեն Գուրիոնի օդանավակայան։