Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում հոկտեմբերի 8-ին Վրաստանի ազգային թանգարանի Դ. Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» (Թիֆլիս – Փարիզ – Երևան) խորագրով կոնցեպտուալ և հետահայաց ցուցահանդեսը։
Նախագծի հայեցակարգային առանցքային բաղադրիչներից է Երվանդ Քոչարի «Տարածական նկարչությունը» (Peinture dans l’espace): Ցուցադրության մաս են կազմելու նաև ժամանակակից տեխնոլոգիաներ, ինստալացիաներ և այլ մեդիաներ, որոնց միջոցով կբացահայտվեն Մաեստրոյի ապագամետ մտածողության կենդանի շարունակականությունն ու անսպառ ներուժը, հայտնում է Երվանդ Քոչարի թանգարանը:
Ցուցահանդեսի բացման հետ միաժամանակ կներկայացվի նաև «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» նոր եռալեզու՝ հայերեն, վրացերեն և անգլերեն պատկերագիրք-կատալոգը։ Կարինե Քոչարի հեղինակած հրատարակությունը համալրվել է վերջին տարիներին կատարված արժեքավոր արխիվային բացահայտումներով և նորահայտ փաստագրական տվյալներով։
Ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի հոկտեմբերի 8-ից մինչև նոյեմբերի 8-ը։
Նախագիծն իրականացվելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Վրաստանում ՀՀ դեսպանության բարձր հովանու ներքո։ Այն «Երվանդ Քոչարի թանգարան» ՊՈԱԿ-ի, Հայաստանի ազգային պատկերասրահի, ՆՓԱԿ-ի և Վրաստանի ազգային թանգարանի համատեղ պատմական համագործակցության արդյունքն է։