Կրիպտոարժույթների մայնինգով զբաղվող ընկերությունները զանգվածաբար դուրս են գրում միլիարդավոր դոլարների հին սարքավորումներն՝ իրենց ենթակառուցվածքներն ավելի շահութաբեր՝ արհեստական բանականության (ԱԲ) աշխատանքին աջակցելու համար վերապրոֆիլավորելու նպատակով, հաղորդում է TheEnergyMag-ը։
Պարբերականի գնահատմամբ՝ 2026 թվականի առաջին կիսամյակում խոշոր ամերիկյան մայնինգային ընկերությունների՝ այլևս ոչ պիտանի սարքավորումների հետ կապված կորուստները կկազմեն 1.5 մլրդ դոլար։
ԱՄՆ-ում հրապարակային մայնինգային ընկերությունները 75 EH/s-ով (էքսահեշը վայրկյանում) կրճատել են բիթքոյնի արդյունահանման իրենց հզորությունները՝ հեշրեյթը։ Պարբերականի հաշվարկներով՝ TH/s-ի դիմաց 20 դոլար սարքավորման արժեքի դեպքում 75 EH/s հզորությանը համապատասխանում է 1.5 մլրդ դոլար արժողությամբ սարքավորում։ Այս հաշվարկում ներառված չեն դրանց շահագործման համար անհրաժեշտ շենքերը, էլեկտրական սարքավորումները, հովացման համակարգերն ու մոնտաժային աշխատանքները։