Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռայլի Բարնսն այցելել է Մատենադարան և ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգությանը։
Նա շրջել է թանգարանում Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ։
Բարձրաստիճան հյուրի համար հատուկ ցուցադրություններ են կազմակերպվել, որոնց ընթացքում ներկայացվել են հայկական ձեռագրական արվեստի գլուխգործոցները, Մատենադարանի քարտեզագրական ժառանգության հնագույն նմուշները, ինչպես նաև ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի աջակցությամբ իրականացվող՝ «Լեռնային Ղարաբաղում գրչագրված ժառանգության վերականգնումն ու հանրայնացումը» ծրագրի արդյունքները։
Այցի ավարտին Ռայլի Բարնսը Մատենադարանի տպավորությունների մատյանում կատարել է հետևյալ գրառումը. «Ի՜նչ հրաշալի այցելություն պատմական մի վայր, որը երբեք չեմ մոռանա։ Շնորհակալություն Հայաստանի և աշխարհի հազարամյա զարմանահրաշ պատմությունը պահպանելու համար։ Մենք պարտական ենք ձեզ»։