Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում։ Այդ մասին «Վեստի» լրատվական ծառայությանը հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ Հայաստանը միության անդամ է տասը տարուց փոքր-ինչ ավելի, և այդ ժամանակահատվածում երկրի ՀՆԱ-ն աճել է գրեթե երեք անգամ։ Համապատասխանաբար, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն ևս եռապատկվել է, գրում է Vedomosti-ն:
«Մեր առևտուրը գագաթնակետային՝ 2024 թվականին, հասել է 12․4 միլիարդ դոլարի, այն դեպքում, երբ Հայաստանի ՀՆԱ-ն այդ ժամանակ մոտավորապես 26–27 միլիարդ դոլարի մակարդակում էր։ Եվ մենք, իհարկե, մեծ հույս ունենք, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների հետ միասին»,- ասել է Օվերչուկը։
Հոկտեմբերի 2-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Հայաստանը չպետք է շտապի Եվրամիությանն անդամակցելու և ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու հարցում։ Նա Երևանին առաջարկել է նախապես գնահատել՝ արդյոք եվրոպական շուկան կկարողանա փոխհատուցել արտահանման այն ծավալները, որոնք Հայաստանն այժմ ուղղում է ԵԱՏՄ երկրներ։ Մասնավորապես, Լուկաշենկոն հիշատակել է հայկական կոնյակի, բանջարեղենի և մրգերի մատակարարումները։
Սեպտեմբերի 29-ին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտարարել են, որ Հայաստանի միացումը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը, ի թիվս այլ գործոնների, կապված է Եվրամիության հետ մերձենալու Երևանի որդեգրած ուղղության հետ։