Ռուսաստանը ԵՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակման հույս ունի։ Այս մասին «Վեստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով ԵՏՄ-ում Հայաստանի աշխատանքի շարունակության վերաբերյալ հարցին։
«Մենք, անշուշտ, ձգտում ենք դրան և Հայաստանը տեսնում ենք որպես Եվրասիական տնտեսական միության անդամ։ Եվ ավելի քան 10 տարիների ընթացքում, ինչ Հայաստանը միության անդամ է, այդ երկրի ՀՆԱ-ն աճել է գրեթե երեք անգամ։ Համապատասխանաբար, մեկ շնչին բաժին ընկնող եկամուտներն ու ՀՆԱ-ն նույնպես աճել են երեք անգամ»,- ասել է Օվերչուկը։
Ըստ ռուսաստանցի պաշտոնյայի՝ առևտրաշրջանառությունը 2024 թվականի ռեկորդային տարում հասել է 12,4 միլիարդ դոլարի, այն դեպքում, երբ այդ ժամանակահատվածում, ըստ նրա, Հայաստանի ՀՆԱ-ն շուրջ 26-27 միլիարդ դոլարի մակարդակում էր։
«Եվ մենք, իհարկե, շատ հույս ունենք, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների հետ միասին»,- հայտարարել է Օվերչուկը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի