Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից պատվիրակ է մասնակցում Հայաստանում անցկացվող «Աղոթքի նախաճաշին»: Այդ մասին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան:
«Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից ներկայացված է Դանիել եպիսկոպոս Ֆընտգյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից՝ Մեսրոպ եպիսկոպոս Սարգսյանը»,- նշել է տեր Եսային։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մայր աթոռը մասնակցելու հրավեր է ստացել։
Դանիել եպիսկոպոս Ֆընտգյանը 2018-2022 թվականներին եղել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդը, իսկ ներկայում ղեկավարում է Գևորգյան ճեմարանի ասպիրանտուրայի բաժինը։
Նա նախորդ տարի ևս մասնակցել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովին՝ ներկայացնելով Հայ առաքելական եկեղեցու հստակ և սկզբունքային դիրքորոշումները, որոնք վերաբերել են խղճի ազատությանը և երկրում տիրող իրավիճակին։
«Աղոթքի նախաճաշը» Հայաստանում անցկացվում է արդեն երկրորդ անգամ։ Միջոցառումն առաջին անգամ մեր երկրում կազմակերպվել է նախորդ տարվա նոյեմբերի 14-15-ին, իսկ այս տարի անցկացվում է հոկտեմբերի 2-3-ին։ Անցյալ տարի ամերիկյան Christian Prayer Breakfast-ի մոդելով ՀՀ իշխանությունների կազմակերպած «Աղոթքի նախաճաշի» մի քանի մասնակիցներ երկրի ղեկավարությանը կոչ են արել ազատ արձակել Հայ առաքելական եկեղեցու ձերբակալված հոգևորականներին։
Հավելենք, որ «Աղոթքի նախաճաշի» ավանդույթը սկիզբ է առել ԱՄՆ-ում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։