Թաղման նպաստ՝ միայն անապահովներին, 1000 դրամով թոշակների բարձրացում․ նոր նախագիծ

ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը շրջանառում է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով նախատեսվում է վերանայել թաղման նպաստի համակարգը: Մամուլի ասուլիսի ընթացքում մանրամասներն է ներկայացրել Կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը:

Առանցքային փոփոխություններն ու պայմանները.

  • Շահառուների շրջանակի նեղացում. 2027 թվականի հունվարի 1-ից թաղման նպաստ կտրամադրվի միայն անապահովության համակարգում անապահովության նպաստ ստացող ընտանիքի անդամի մահվան դեպքում՝ հուղարկավորությունը կատարած անձին:

  • Նպաստի չափը. Թաղման նպաստի չափը չի փոփոխվի և կպահպանվի 200,000 դրամի մակարդակում։

  • Թոշակների ավելացում. Հունվարի 1-ից թոշակները կավելանան 1,000 դրամով՝ դառնալով 47,000 դրամ:

  • Թվայնացում և առցանց դիմումներ. Նոր համակարգով նպաստը կնշանակվի և կվճարվի, եթե անձը մահացել և հուղարկավորվել է Հայաստանում: Դա հնարավորություն կտա անցնել առցանց դիմումների և բացառել թղթային տարբերակը:

  • Անցումային շրջան. Մինչև 2027թ. հունվարի 1-ը մահացած անձանց հուղարկավորության նպաստները կկարգավորվեն ներկայումս գործող իրավական ակտերով:

«Այս հարցերին անդրադարձ է կատարվում արդեն նոր համակարգում, և այդ հարցերից առանցքայինը շահառուների խմբի շրջանակի նեղացումն է։ … Նոր կարգավորումներով նախատեսվում է, որպեսզի թաղման նպաստ տրամադրվի միայն անապահովության համակարգում անապահովության նպաստ ստացող ընտանիքի անդամի մահվան դեպքում»,- նշել է Անահիտ Գալստյանը:

Leave a comment