Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»

Քաղաքականություն

02.10.2026 | 11:55

«Չի կարելի ամբողջ մեղքը բարդել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա։ Թեև ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»: Այսպիսի հայտարարություն է  արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ղեկավարած «Նոր Ադրբեջան» կուսակցության VIII համագումարում ունեցած ելույթի ժամանակ։

«Հայաստանի ներկայիս իշխանությունները հանդես էին գալիս մեր նկատմամբ տարածքային պահանջներով, փորձում էին վիրավորել ադրբեջանցի ժողովրդին, անտեղի և անտակտ հայտարարություններով վիրավորում էին ադրբեջանցի ժողովրդի արժանապատվությունը»,- ասել է Ալիևը՝ նշելով, որ «երբեք չպետք է մոռանան դա»։

Նա նաև հայտարարել է, թե «հաղթանակից հետո (նկատի ունի Արցախյան 44-օրյա պատերազմը) իրենց գործունեությունն ուղղված էր երկրի տարածքային ամբողջականության լիակատար վերականգնմանը»։

«Մենք նույնիսկ մեկ օրով չդադարեցինք այս փառահեղ առաքելությունը կատարելիս։ Արդյունքում, Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի և հակաահաբեկչական գործողության (2023 թվականին Արցախում իրականացված էթնիկ զտումը) միջև ընկած ժամանակահատվածում մենք գործել ենք մի քանի ճակատներում»,- ասել է Ալիևը։

Նշելով, որ այսօր Ադրբեջանի ու Հայաստանի միջև հակամարտություն չկա՝ նա նաև պարզաբանել է ռազմական հզորության մեծացման անհրաժեշտության հարցը։

«Դրա պատասխանը, իմ կարծիքով, միանգամայն հստակ է։ Դա միշտ անհրաժեշտ է յուրաքանչյուր երկրի համար։ Որովհետև մեր ժողովուրդը բախվել է այս ողբերգությանը»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment