Ինչ է հայտնի ադրբեջանցու կողմից վիրավորված կնոջ և երեխաների վիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik․ Սյունիքի մարզի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վիրավորում ստացած կնոջ՝ 39-ամյա Անի Ավետիսյանի առողջական վիճակը կայուն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա խոսքով՝ կինը ստանում է անհրաժեշտ և վիճակին համարժեք բուժօգնություն, կյանքին սպառնացող վտանգ չունենք:

Ավելի վաղ հայտնել էինք, որ բուժօգնության են դիմել նաև կնոջ երկու երեխաները՝ որդին և դուստրը, նրանք ևս տեղափոխվել են մայրաքաղաք՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Որդու մոտ ախտորոշվել է դաստակի փոքր ոսկորի կոտրվածք։

«Երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ստացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն»,- հայտնում է Ավանեսյանը։

Հավելենք, որ ոտքի հատվածում ադրբեջանցու կրակոցից հրազենային վիրավորում ստացած կինն այս պահին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում է։

Leave a comment