TRIPP ծրագրի իրականացման վերաբերյալ լրագրողների հետ զրույցում մանրամասներ հայտնեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ ծրագիրը նախատեսվածի համաձայն առաջ է ընթանում, իսկ դրա ուսումնասիրությունը առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում կամփոփվի։
«Դրա ուսումնասիրությունը պատվիրված է, գիտեք, ամերիկյան ընկերությունը իրականացնում է, շուտով դրա արդյունքները կլինեն, գնահատումը կիրականացվի, որից հետո արդեն կանցնի գործնական փուլի»,- ասաց Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում արդեն իրականացվել են մի շարք գործընթացներ, այդ թվում՝ զարգացման ընկերության գրանցման և ամերիկյան ֆինանսական կառույցների հետ կապված փուլերը։
«Բազմաթիվ պատվիրակություններ են և՛ մեր կողմից այցելել Վաշինգտոն, և՛ Վաշինգտոնից են միջգերատեսչական տարբեր հանդիպումներ ունեցել, և հիմա արդեն ծրագիրը հասունացել է և հասել է արդեն գործնական իրականացման փուլ»,- ընդգծեց դեսպանը:
Մկրտչյանի խոսքով՝ գործնական փուլին անցնելը հնարավոր կլինի 2027 թվականի սկզբին։
«Հուսով ենք` հիմնարկեքի արարողությունը 2027 թվականի սկզբին արդեն հնարավոր կլինի իրականացնել»,- նշեց Մկրտչյանը:
Անդրադառնալով վարչապետի աշխատակազմի կողմից եկեղեցու շուրջ ստեղծված «ճգնաժամի» վերաբերյալ հրապարակված զեկույցին՝ Մկրտչյանն ասաց, որ այն ամբողջությամբ չի ուսումնասիրել, բայց ծանոթանում է բովանդակությանը։
«Բնականաբար, դրանց մեծ մասը հանրային աղբյուրներից վերցված տեղեկություններ են, և պետք է ասեմ, որ եղած տեղեկատվության մեծ մասը նորություն չէր ինձ համար»,- ասաց նա։
Factor TV-ին փորձեց Մկրտչյանին հարց ուղղել Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողի մասին, սակայն վերջինը, լսելով հարցը, չպատասխանեց և ներս մտավ` մաանակցելու «Աղոթքի նախաճաշ» համաժողովին:
Մանրամասները` տեսանյութում:
Արփի Հակոբյան