Երեկ և այսօր ԱԺ-ում այս գործի վերաբերյալ հայտարարություններ արած անձիք ստախոսներ են․ Հովհաննես Խուդոյան

«Պատվարժան դատարան, մինչ կշարունակեմ ապացույցների թվարկումը, որոնք  միջնորդում ենք դատարանին կիրառել, ուզում եմ որոշ չափով լրացել Սրբազանի հայտարարությանը։ Ուզում եմ լրացեմ երեկ և այսօր Հայաստանի Հանրապետության խորհրդարանում երկու տասնյակ և ավելի արված  հայտարարություններ, արտահայտություններ, որոնք ուղղակիորեն վերաբերում են այս գործին և  ուղղակիորեն ոտնահարում են անմեղության կանխավարկածի սկզբունքը՝  ցույց տալով ակնհայտ քաղաքական ճնշում այս պրոցեսի նկատմամբ»,- դատարանում ասել է Բագրատ Սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Ըստ փաստաբանի՝  ճնշում է դատարանի, հանրային մեղադրողների և թե  հասարակության նկատմամբ և իրենց կարծիքը մարդկանց վզին փաթաթելուն ուղղված գործընթաց։

«Ուզում եմ հստակ հայտարարել՝ երեկ և այսօր Ազգային ժողովում ելույթ ունեցած բոլոր անձինք, ովքեր գործի վերաբերյալ արել են արտահայտություններ, ստախոսներ են, սուտ են խոսում, խաբում են հանրությանը և չեն կարող իրենց ասածների համար պատասխան տալ։ Սա ուղղակի միջամտություն է այս քրեական վարույթին, անմեղության կանխավարկածի խախտում, փչացնում  են  գործն օբյեկտիվության տեսանկյունից՝ չթողնելով որևէ հույս, որ այս  գործով կարող է օբյեկտիվ դատաքննություն իրականացվել»,- ասել է Խուդոյանը միևնույն ժամանակ ընդգծելով, որ նման հայտարարությունները հիմք են հանդիսանալու Եվրոպական դատարանում  այս գործով կայացված ցանկացած որոշման վերանայման համար։

Փաստաբանի խոսքով՝ դատարանը ունի գործիքակազմ՝ այս ամեն ինչին միջամտելու, այն է՝ քրեական վարույթը դադարեցնելու որոշումը , որի վերաբերյալ առաջիկայում համապատասխան միջնորդությամբ հանդես կգա։

Հավելենք, որ «18 արդարների» գործով հարջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 19-ին, ժամը՝ 15։00-ին, Շենգավիթի նստավայրում։ Դատավորը նշեց, որ հաջորդ դատական նիստից քննարկվելու է խափան միջոցի վերացնելու, փոփոխելու, երկարաձգելու հետ կապված հարցերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment