COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության երևանյան համաժողովը կարող է որոշել առաջիկա երկու տարիների ապագան․ Եվրախորհրդարանում այս մասին հայտարարեց Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի՝ Բելգիայի ազգային համակարգող Ինես Վերլեյենը՝ «COP17-ին ընդառաջ․ գլոբալ վերանայման և կենսաբազմազանության ֆինանսավորման բացերի հաղթահարման ուղիները» թեմայով քննարկմանը։

«COP15-ը չափազանց կարևոր էր, քանի որ ընդունվեց Կենսաբազմազանության գլոբալ շրջանակը։ COP16-ն էլ կարևոր էր, քանի որ անդրադարձավ քաղաքական առումով բարդ չորս խոշոր հարցերի։ COP17-ը նման խոշոր, կենտրոնական թեմա չունի, սակայն ես կպնդեի, որ այն ինքնին վճռական է, քանի որ կարող է որոշել առաջիկա երկու տարիների հաջողությունը կամ ձախողումը»,- ասաց Ինես Վերլեյենը։

Նրա խոսքով՝ Երևանում նախանշված COP17-ին վկա՛մ կասենք՝ ոչ մի տեղ չհասանք, ուրեմն ինչո՞ւ շարունակել, քանի որ Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի թիրախները չափազանց հավակնոտ են, հետևաբար, անհասանելի, կա՛մ COP17-ը կառաջարկի նոր ուղերձ, որ պետք է ավելի լավ գործել բոլոր ուղղություններով, քանի որ սա չափազանց կարևոր հարց է՝ այն ձախողման վտանգի տակ դնելու համար»։

Երևանյան համաժողովը դառնալու է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի՝ 2022 թվականի ընդունումից հետո հավաքական առաջընթացի առաջին գլոբալ գնահատման հարթակը։ Փաստաթուղթը սահմանում է երկարաժամկետ 4 նպատակ մինչև 2050 թվականը (էկոհամակարգերի պաշտպանություն, բնության կայուն օգտագործում, օգուտների արդար բաշխում և ֆինանսական միջոցների ապահովում) և 23 գործողությունների թիրախ՝ մինչև 2030 թվականը:

COP17 համաժողովում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության համանախագահ Շտեֆան Քյոլերի կարծիքով՝ COP17-ը ցույց կտա, թե որքանով են երկրները մոտեցել մինչև 2030 թվականը նախատեսված թիրախների իրագործմանը, և ինչ բացեր կան ստանձնած պարտավորությունների ու դրանց գործնական իրականացման միջև։

«Այս գնահատականը շատ ավելին է, քան զուտ տեխնիկական վարժություն։ Այն հնարավորություն է պարզելու՝ արդյոք մեր պարտավորությունները վերածվում են շոշափելի արդյունքների»,- ասաց Քյոլերը։

Ըստ նրա՝ COP17-ի նախապատրաստական գործընթացն արդեն բացահայտել է հիմնական դժվարությունները։ Առաջընթացը մնում է անհավասար՝ հատկապես կենսաբազմազանության ֆինանսավորման, բնությանը վնասող խթանների բարեփոխման և ազգային մակարդակում ծրագրերի իրականացման հզորացման հարցերում։ Պատգամավորը, միաժամանակ, ընդգծում է, որ կենսաբազմազանության քաղաքականությունը չի կարող բոլոր երկրների և տարածքների համար ունենալ միանման լուծումներ։

Քյոլերը կոչ է անում ֆերմերներին, ձկնորսներին, տեղական համայնքներին և բնիկ ժողովուրդներին դիտարկել ոչ թե պարզապես խորհրդակցման ենթակա շահառուների, այլ որպես կենսաբազմազանության պահպանության երկարաժամկետ արդյունքների ապահովման գործընկերների։

Պատգամավորի խոսքով՝ ֆերմերներին անհրաժեշտ է աջակցել բնապահպանական օգուտներ ստեղծելու համար, այլ ոչ թե նրանց դիտարկել բացառապես որպես շրջակա միջավայրի վրա բացասական ազդող աղբյուրի։

«COP17-ը կարևոր փորձություն կլինի՝ կենսաբազմազանության կորուստը կասեցնելու և հետ շրջելու մեր հավաքական վճռականության համար։ Սակայն դրա հաջողությունը չի չափվի միայն հայտարարություններով։ Այն կախված կլինի նրանից, թե ինչ տեղի կունենա դրանից հետո՝ մեր բյուջեներում, քաղաքականություններում, գյուղատնտեսական և տնտեսական որոշումներում, ինչպես նաև բնական ռեսուրսները կառավարողների ամենօրյա ընտրություններում»,- եզրափակեց Եվրախորհրդարանի պատգամավորը։

Եվրամիության երկրները կենսաբազմազանության ոլորտում առաջընթաց են գրանցել, սակայն  արագությունը բավարար չէ 2030 թվականի գլոբալ թիրախներին հասնելու համար, կարծում է COP17 համաժողովում Եվրախորհրդարանի պատվիրակության համանախագահ Սեսար Լուենան։

«Մինչդեռ մինչև 2030թ․մնացել է ընդամենը չորս տարի։ Միայն չորս»,- շեշտում է պատգամավորը։

Նրա խոսքով՝ խնդիրն իրավական նորմերի բացակայությունը չէ, այլ դրանց գործնական իրականացումը։ Դրա համար, նրա գնահատմամբ, անհրաժեշտ են հստակ ծրագրեր, բավարար մասնագիտական ու մարդկային ռեսուրսներ և կայուն ֆինանսավորում։

Որպես օրինակ՝ նա մատնանշում է ԵՄ Բնության վերականգնման կանոնակարգը՝ ընդգծելով, որ այն արդյունավետ կլինի միայն այն դեպքում, երբ անդամ պետությունների կառավարությունները գործեն։ Նրա խոսքով՝ մինչև սեպտեմբերի 1-ը անդամ պետությունները պետք է ներկայացնեին վերականգնման ազգային ծրագրերի նախագծերը, սակայն դեռ արել է ընդամենը ինը երկիր՝ ԵՄ 27 անդամներից։

«Սա հետաձգում է նաև Եվրահանձնաժողովի կողմից ֆինանսավորման բացի գնահատումը, քանի որ այն կախված է այդ ծրագրերից»,- նշեց նա՝ հավելելով, որ ԵՄ հաջորդ բյուջեի շուրջ բանակցությունները շարունակվում են առանց Բնության վերականգնման կանոնակարգի իրականացման համար անհրաժեշտ միջոցների ամբողջական պատկերի։

COP17-ի օրակարգում առանցքային տեղ է զբաղեցնելու նաև ֆինանսավորման հարցը։ Կենսաբազմազանության գլոբալ շրջանակով երկրները նպատակ ունեն մինչև 2030 թվականը բոլոր աղբյուրներից տարեկան մոբիլիզացնել 200 միլիարդ դոլար։

Սեսար Լուենայի խոսքով՝ մասնավոր ներդրումները նույնպես կարող են օգնել, ինչի համար ԵՄ-ն մշակում է բնության վարկերի՝ nature credits-ի համակարգ՝ բնության պահպանության և վերականգնման նպատակներով մասնավոր միջոցներ ներգրավելու համար։

«Մեզ անհրաժեշտ է նաև մասնավոր ֆինանսավորում։ Սակայն դա կարող է օգտակար լինել միայն այն դեպքում, եթե համակարգն ունենա խիստ կանոններ և ապահովի բնության համար իրական օգուտներ»,- եզրափակեց նա։

Եվրախորհրդարանում կազմակերպված քննարկմանը մասնակցում էր Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովի Հայաստանի նախագահության հատուկ բանագնաց, դեսպան Մհեր Մարգարյանը։

Ըստ նրա՝ Հայաստանի նպատակն է նպաստել ներառական, թափանցիկ և գործողություններին միտված համաժողովի անցկացմանը, որը գործնական արդյունքներ կտա՝ միաժամանակ պահպանելով Կոնվենցիայի՝ կոնսենսուսի վրա հիմնված ամուր ավանդույթը։

«Սա հատկապես կարևոր է այն ժամանակ, երբ բազմակողմ համագործակցությունը ճնշման տակ է»,- ասաց նա։

Որպես COP17-ի նախագահությունը ստանձնող երկրի բանագնաց՝ նա նաև նշել է, որ նախագահության պատասխանատվությունն է «աջակցել կառուցողական երկխոսությանը և, հնարավորության դեպքում, փոխզիջումների հասնելուն, ինչպես նաև պահպանել վստահությունը բանակցային գործընթացի արդարության, թափանցիկության և ներառականության նկատմամբ»։

Հիշեցնենք, որ COP համաժողովներում որոշումները հիմնականում ընդունվում են կոնսենսուսով, երբ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերից ոչ մեկը որոշման ընդունման դեմ պաշտոնական առարկություն չի ներկայացնում։

Երևանում հոկտեմբերի 19-30-ը կայանալիք COP17-ին նախատեսվում է Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 196 կողմերի պաշտոնական ներկայացուցիչների և ամբողջ աշխարհից հազարավոր մասնակիցների մասնակցությունը։

Կարինե Ասատրյան

Բրյուսել

 

 

 

Leave a comment