Քաղաքական գործիչ Դավիթ Խաժակյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին, ընդդիմության գործելաոճին, իշխանափոխության հնարավորություններին և խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի միջև առկա հակասություններին։
Արձագանքելով դիտարկմանը, թե արդյոք «Քաղաքացիական պայմանագրի» հետ բարեկիրթ աշխատելը խանգարում է իշխանափոխությանը՝ Խաժակյանը նշեց. «Եկեք ընդունենք, որ բարեկրթությունն առհասարակ քաղաքական գործունեության հիմքը պետք է լինի, անկախ նրանից դու արմատական ընդդիմադիր ես, թե իշխանական ներկայացուցիչ։ Բոլոր դեպքերում, անձամբ ես բարեկրթության պահպանման կողմնակիցն եմ, և նույնիսկ եթե կոշտ քննադատության ես ենթարկում կամ սուր քաղաքական գնահատականներ ես հնչեցնում, անգամ որևէ պաշտոնյայի մեղադրելով քրեական հանցակազմի մեջ, միևնույն է՝ բարեկրթության սահմանը պահպանել միշտ պետք է»:
Ըստ նրա՝ իշխանափոխությանը խանգարում է ոչ թե բարեկրթությունը, այլ մեկ ուրիշ հանգամանք. «Իշխանափոխությանը խանգարում է այն հանգամանքը, որ ընդդիմությունը դեռևս չի կարողացել ոչ միասնական առումով, ոչ առանձին վերցրած՝ այլընտրանքի էդ հայտը ներկայացնել, թեկուզ հետընտրական շրջանում, ասելու, որ ընտրությունների գիծը գծվեց, բայց մենք հավակնում ենք ավելի լավ այլընտրանք ներկայացնել իշխանությանը՝ բոլոր ուղղություններում՝ լինի դա տնտեսական, արտաքին քաղաքական…»։
Խաժակյանն ընդգծում է, որ ընդդիմության խոսքը հաճախ հիմնավորված չէ. «Ընդդիմության ձայնը և փաստարկները պետք է լինեն շատ ավելի հիմնավոր, առնվազն եղած հրապարակային փաստերի վրա… Եթե մենք որպես առաջատար դիտորդներ լսենք իշխանության թեկնածուի փաստարկները… ընդդիմության ձայնը և փաստարկները պետք է լինեն շատ ավելի հիմնավորված»:
Որպես հիմնավորվածության պակասի օրինակ՝ քաղաքական գործիչը բերեց Տիգրանաշենի (Քյարքիի) շուրջ ծավալվող խոսակցությունները. «Հիմնավորեք մեզ, որ էդ տարածքը, որը մեր օրենսդրությամբ կոչվում է Տիգրանաշեն, առհասարակ որևէ իրավական իմաստով կարելի է կոչել Քյարքի։ Հիմնավորեք մեզ… Ինձ հասկանալի չի՝ Տիգրանաշենը ինչի՞ հիման վրա է համարվում Ադրբեջանի մաս, բացառությամբ քարտեզի վրա այդ կլորակի, որը որոշակի ժամանակաշրջանում նկարվել է… Դա անհերքելիորեն ընկնում է Հայաստանի տարածքի մեջ։ Հիմա հիմնավորեք, որ դա որևէ հարթության մեջ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքի մաս է հանդիսանում»։
Նա հավելեց, որ ընդդիմությունը խուսափում է հստակ ձևակերպումներից. «Քաղաքական դիրքորոշում ունենալ նշանակում է ունենալ տրամաբանված և կուռ դիրքորոշում։ Դա չի նշանակում շրջանցել բոլոր հարցերը»։
Խաժակյանը քննադատեց խորհրդարանական ընդդիմության մոտեցումը արտախորհրդարանական ուժերի նկատմամբ. «Ինձ համար անհասկանալի է խորհրդարան չանցած ուժերի թիրախավորումը, որը վերջերս բավականին ակտիվ սկսվեց… Կա՞ ցանկություն շարունակելու համախմբման գործընթաց, միավորելու ուժերը, և արդյո՞ք խորհրդարանական ընդդիմությունը ներկայացնում է հայտ առաջնորդելու էդ պրոցեսը։ Ես օրինակ խնդիր չէի տեսնի, եթե խորհրդարանական ուժերը մի հավաք հրավիրեին… և իր հետ քննարկում ծավալեին»։ Ըստ նրա՝ խորհրդարանական ուժերը չեն ցանկանում «հավասարների համախմբում»:
Անդրադառնալով քրեական գործերին և հնարավոր ռեպրեսիաներին, նա նշեց. «Այն, որ էսօր իրավապահ համակարգը ամբողջությամբ և անթաքույց ներդրված է ընդդիմադիր պայքարները հնարավորինս լռեցնելուն, դա փաստ է։ Բայց դա պարզ էր նաև մինչև ընտրական գործընթացը»։
Ամփոփելով խոսքը՝ Խաժակյանը նկատեց, որ ընդդիմության առաջնորդներից Սամվել Կարապետյանի ընտրած շփման ձևաչափերից մեկը՝ «դատական նիստերին հումորները և ոտքի վրա արվող բրիֆինգները», շատ վնասակար են հանրային կարծիքի ձեւավորման իմաստով, եւ եթե քաղաքական ուժերը շարունակեն թիրախավորել միմյանց, «հիմնական օրակարգ թելադրողները նրանք են [իշխանությունը]»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան