Դատարանը դատապարտեց Էդգար Ղազարյանին. պատիժը պայմանականորեն չի կիրառվի

Դատարանը կայացրեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի գործով դատավճիռը։ Դատարանի որոշմամբ՝ Էդգար Ղազարյանը դատապարտվեց 2 տարի ազատազրկման, սակայն նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառվեց։

Ավելի վաղ մեղադրող դատախազ Հայկ Ավետյանը միջնորդել էր պատգամավորի նկատմամբ նշանակել պատիժ 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման ձևով, ինչպես նաև կիրառել լրացուցիչ պատիժ՝ 3 տարի ժամկետով զրկելով հանրային գործունեությամբ զբաղվելու իրավունքից։

Էդգար Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննության և 2024 թվականի սեպտեմբերի 26-ին կայացված ՍԴՈ-1749 որոշման կապակցությամբ, 2024 թվականի օգոստոսի 28-ից մինչև հոկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում հրապարակել է Սահմանադրական դատարանի դատավորներին արատավորող, ինչպես նաև նրանց իրավունքներին ու օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment