Դոնալդ Թրամփը մերժել է հրադադարի վերաբերյալ Իրանի առաջարկը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մերժել է հրադադար հաստատելու վերաբերյալ Իրանի ներկայացրած առաջարկը, քանի որ հնարավոր համաձայնագրի պայմանների վերաբերյալ իր դիրքորոշումը փոխվել է։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարն ասել է Time ամսագրին տված հարցազրույցում։

«Այն, ինչին ես կարող էի համաձայնել մեկ տարի առաջ, այսօր այլևս չեմ հավանության արժանացնի»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Թրամփի փոխանցմամբ՝ Թեհրանի առաջարկը, մասնավորապես, նախատեսում էր Հյորմուզի նեղուցի բացումը։ Նրա խոսքով՝ իրանական կողմն առաջարկել է բացել նեղուցը, սակայն այդ առաջարկը բավարար չէ. «Դուք տեսել եք առաջարկի որոշ տարրեր, թեև ոչ բոլորը։ Բայց դա պարզապես բավարար չէ, նույնիսկ մոտ չէ բավարար լինելուն»։

Անդրադառնալով նրան, որ Իրանի հետ հակամարտությունը շարունակվում է արդեն յոթերորդ ամիսը՝ նախկինում նշված վեցից ութ շաբաթվա փոխարեն, Թրամփը դա կապել է իրանական միջուկային օբյեկտներին հասցված հարվածներից հետո ռազմական արշավը շարունակելու իր անձնական որոշման հետ։ Նա պարզաբանել է, որ B-2 ռազմավարական ռմբակոծիչների կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածներից հետո կարող էր կանգ առնել և ավարտել գործողությունը, սակայն որոշել է շարունակել քայլերը, քանի որ չէր ցանկանում թույլ տալ իրանական ներուժի վերականգնումը որևէ այլ ձևաչափով։

Խոսելով Հյորմուզի նեղուցում տիրող իրավիճակի մասին՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնը փաստացի իր վերահսկողությունն է սահմանել դրա նկատմամբ այն բանից հետո, երբ Թեհրանը սպառնացել էր արգելափակել նավագնացությունը։ «Նրանք ասացին, թե կփակեն այն։ Ես ասացի՝ եթե փակեք, մեծ խնդիրներ կունենաք։ Եվ մենք այն վերցրինք մեր վերահսկողության տակ»,- հայտնել է Թրամփը։

Սպիտակ տան ղեկավարի գնահատմամբ՝ Իրանը շահագրգռված է Միացյալ Նահանգների հետ համաձայնագրի կնքմամբ, սակայն ինքը ցանկանում է հասնել «իսկական գործարքի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment