Երևանում 18-ամյա երիտասարդ է ձերբակալվել թմրանյութ իրացնելու կասկածանքով. առգրավվել է 21 փաթեթ մարիխուանա (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Ոստիկանությունից հայտնել են, որ երիտասարդը Երևանում ծառերի մոտ կասկածելի իր է տեղադրել և բջջային հեռախոսով լուսանկարել. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանի «Հաղթանակ» զբոսայգում 18-ամյա երիտասարդ է ձերբակալվել թմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու կասկածանքով։


Ինչպես հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից, սեպտեմբերի 17-ի երեկոյան Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները զբոսայգում շրջագայելիս նկատել են մի երիտասարդի, որը ծառերի մոտ կասկածելի իր է տեղադրել և բջջային հեռախոսով լուսանկարել։


Իրավապահներին տեսնելով՝ երիտասարդը կասկածելի վարքագիծ է դրսևորել և փորձել է ինչ-որ իր թաքցնել տաբատի տակ։ Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին։


Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայով լցված երեք փաթեթ։


Ոստիկանության տվյալներով՝ Վիլնյուսի փողոցի 18-ամյա բնակիչը հայտնել է, որ նման մի քանի փաթեթ արդեն տեղադրել է տարբեր վայրերում, իսկ մարիխուանայով փաթեթներ ունի նաև տանը։


Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 5 փաթեթ հայտնաբերվել է «Հաղթանակ» զբոսայգում, 3-ը՝ Վիլնյուսի փողոցի մոտակայքում, ևս 10-ը՝ երիտասարդի տանը։


18-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։


Դեպքի հանգամանքները պարզվում են։







Leave a comment