Պետաշխատողների սոցփաթեթների ծրագիրը կդադարեցվի (PAN.am)

2027 թվականից Հայաստանում կդադարեցվի պետաշխատողների սոցիալական փաթեթների տրամադրումը։ Կուտակված գումարների օգտագործման կարգի վերաբերյալ կառավարությունը հատուկ որոշում կընդունի։ Այդ մասին կառավարության նիստից հետո հայտարարել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա հիշեցրել է, որ սոցիալական փաթեթի ծրագիրն ընդունվել է 2012–13 թվականներին՝ որպես պետական համակարգում ցածր վարձատրությունը փոխհատուցող միջոց, հայտնում է Sputnik Արմենիան:

«Սոցփաթեթի շրջանակում մեր քաղաքացիները կարող էին որոշակի ծառայություններ գնել՝ առողջարանային, հանգստի, սպորտի, ուսման և այլն: Հատկապես վերջին տարիներին, սակայն, այն քաղաքացիները, որոնք ունեին սոցիալական փաթեթ, տարատեսակ բարեփոխումների արդյունքում ունեցել են թե՛ աշխատավարձի բարձրացումներ, թե նաև առողջապահության ապահովագրության շնորհիվ ավելի մեծ հնարավորություն՝ ծածկելու իրենց առողջապահական ծախսերը։ Հիմա եկել է ժամանակը ավարտելու այդ ծառայության մատուցումը, քանի որ այն իր առջև դրված խնդիրը կատարել է»,– ասել է Թորոսյանը:

Նախարարը հայտնել է, որ այն քաղաքացիները, որոնց բանկային հաշիվներում սոցիալական փաթեթի շրջանակում գումարներ են կուտակվել, հնարավորություն կունենան դրանք օգտագործել կառավարության կողմից հատուկ որոշման ընդունումից հետո։

Թորոսյանի խոսքով՝ ներկայում քաղաքացիների հաշիվներում կուտակվել է մոտ 13 մլրդ դրամ։ Այդ միջոցները կօգտագործվեն կամ արդեն գործող, կամ կառավարության կողմից սահմանվելիք այլ ուղղություններով։

Նա նաև տեղեկացրել է, որ 2027 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է բարձրացնել տասնյակ հազարավոր հանրային ծառայողների աշխատավարձերը։ Նրանց թվում են նաև սոցիալական փաթեթի ծրագրի շահառուները։

Սոցիալական փաթեթների ծրագիրը դադարեցնելու նպատակով կառավարությունը պետք է իրականացնի օրենսդրական փոփոխություններ և անհրաժեշտ մի շարք շտկումներ։

Սոցիալական փաթեթի ծրագրում ընդգրկված է 130,000–133,000 շահառու՝ պետական ծառայողներ, ինչպես նաև կրթության, մշակույթի և սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպությունների աշխատակիցներ։ Մեկ լրիվ դրույքով աշխատողի համար պետական բյուջեից տարեկան հատկացվել է 72 հազար դրամ՝ ամսական 6 հազար դրամ։ Ընդհանուր առմամբ ծրագրի տարեկան բյուջետային ֆինանսավորումը կազմել է մոտ 9.5 մլրդ դրամ։

Leave a comment