Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենսդրական փոփոխությունների քննարկումը հետաձգվել է հեղինակների առաջարկով՝ ներկայացված առաջարկներին պատշաճ անդրադառնալու նպատակով։
Նախագծի համահեղինակներն են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը և Ծովինար Վարդանյանը: «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագծի քննարկումը հետաձգելու առաջարկը ներկայացրել է Զարուհի Բաթոյանը, գրում է Panorama.am-ը:
Նախագիծը մշակվել է Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած ընտանեկան բռնության դեմ պայքարի արշավի շրջանակում։ Այն նախատեսվում էր քննարկել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
Նիստի ընթացքում հիմնական զեկուցող Զարուհի Բաթոյանը հայտնել է, որ բազմաթիվ առաջարկներ են ստացել, իսկ փաթեթը ծավալուն է, ինչի պատճառով լրացուցիչ ժամանակի անհրաժեշտություն է առաջացել:
«Խնդրում ենք հանձնաժողովին այն հետաձգել ու քննարկել հաջորդ նիստերին՝ պատշաճ անդրադառնալու գործընկերների և քաղհասարակության կողմից ներկայացված առաջարկներին»,-ասել է նա:
Հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ասել ել է, որ ողջունում է ընդունված որոշումը:
«Երբ աշխատանքային քննարկում ունեցանք այստեղ, առաջարկություններ ենք ստացել, որոնք փոխանցված են ձեզ։ Հետաձգելով մինչև 2 ամիս, ինչը օրենքով սահմանված ժամանակահատված է, կունենանք քննարկումներ»,-հավելել է նա:
Կառավարության նիստում քննարկվել է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը։ Հիմնական զեկուցող ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ասաց, որ «Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի» կողմից սկսվել է լայնամասշտաբ արշավ բռնության դեմ պայքարի ուղղությամբ, որի նպատակն է կանխարգելել բռնությունն ի սկզբանե ընտանիքում, ընթացիկ դեպքերով իրականացնելու արդյունավետ քննություն, ձևավորելու 0 հանդուրժողականության հասարակության շրջանում բռնության նկատմամբ։