«Հայաստանի կառավարությունն ունի ռեսուրսներ՝ ՌԴ-ի կողմից նոր կոշտ պատժամիջոցներին դիմակայելու համար»,- Factor TV-ի հետ զրույցում ասում է Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ պնդելով, որ կառավարությունը քննարկում է պատժամիջոցների՝ ինչպես մեղմ, այնպես էլ ամենակոշտ սցենարները։
Երբ ՌԴ-ն ՀՀ-ին հորդորում է կողմնորոշվել՝ ԵՄ, թե՞ ԵՏՄ, նաև հետևյալն է նշում, որ ՀՀ-ի այդ որոշումից կախված կլինի ՌԴ-ի առաջիկա տնտեսական քաղաքականությունը Երևանի նկատմամբ։ Այսինքն, ՀՀ-ն կզրկվի արտոնություններից, դա նշանակելու է գազի թանկացում, առևտրի՝ առանց մաքսային ռեժիմի չեղարկում։
ՀՀ-ն պատրա՞ստ է ՌԴ-ի կողմից այսպիսի կտրուկ որոշմանը՝ մաքսատուրքով առևտրին կամ ապրանքների տոտալ արգելքին, գազի և մյուս էներգակիրների թանկացմանը և այլն։ Ի պատասխան՝ Թունյանը նշում է, որ եթե ՀՀ-ն ռուսական պատժամիջոցների հետևանքով զրկվում է ԵՏՄ-ի անդամակցությամբ պայմանավորված տնտեսական օգուտներից, կորչում է ԵՏՄ-ում մնալու անհրաժեշտությունը․
«Այս պահի դրությամբ գլխավոր բոնուսը, որից Հայաստանը պետք է օգտվեր որպես Եվրասիական տնտեսական միության անդամ (այսինքն՝ դա ապրանքների անխոչընդոտ տեղաշարժն է և Եվրասիական շուկան), իրենք արդեն մասամբ սահմանափակել են, և դա արդեն իսկ ոչ գործընկերային մոտեցում է։ Կառավարությունում, բնականաբար, այդ բոլոր սցենարները քննարկվում են՝ ոչ միայն գազի կամ այլ էներգակիրների, այլ ընդհանուր բոլոր այն ուղղություններում, որտեղ Հայաստանի տնտեսության վրա կարող են ճնշումներ գործադրվել։ Բոլոր սցենարները նաև իրենց ենթասցենարներով են քննարկվում՝ մեղմ տարբերակներից մինչև ամենակոշտ տարբերակները։ Իհարկե, եթե այդ բոլորը միասին գործի դրվեն, հեշտ չի լինի, բայց Հայաստանի կառավարությունը ունի բավարար ռեսուրսներ դիմագրավելու համար։ Տնտեսությունը իր դիմակայունությունը ապացուցել է վերջին շրջանում և առաջիկայում էլ կապացուցի: Բայց մենք ամեն դեպքում հույս ունենք, որ բանը չի հասնի դրան»։
Իսկ ինչո՞ւ է իշխանական պատգամավորը հույս հայտնում, որ տոտալ պատժամիջոցներին և գազի թանկացմանը գուցե գործը չհասնի. «Իմ հույսը հիմնված է նրա վրա, որ եթե Եվրասիական տնտեսական միության անդամ լինելու բենեֆիտներից (օգուտներից) Հայաստանը զրկվում է, դա նշանակում է, որ կորում է նաև Եվրասիական տնտեսական միության անդամ մնալու նպատակահարմարությունը և իմաստը։ Իսկ ԵՏՄ անդամ լինելը ինչքան Հայաստանին է պետք, այնքան էլ ԵՏՄ-ին։ Հենց Ռուսաստանի Դաշնությանն է առաջին հերթին պետք, որպեսզի Հայաստանը դառնա ԵՏՄ անդամ։ Եվ պիտի նկատի ունենալ, որ սա տնտեսական միություն է, բայց նաև քաղաքական կոմպոնենտ ունի, և մի անդամի դուրս գալը այդ կառույցին լուրջ վնաս կհասցնի»։
Թունյանը նաեւ հակադարձում է ռուս պաշտոնյաների այն պնդումներին, թե ՀՀ-ի ՀՆԱ-ն եռակի աճել է՝ ԵՏՄ-ում գտնվելու հաշվին, առանց որի ՀՀ տնտեսությունը լրջագույն խնդիրների առաջ կկանգնի. «Հայաստանի էդ օգուտները, որոնց մասին որ խոսվում է, ստանում են նաև այնպիսի երկրներ, որոնք Եվրասիական տնտեսական միության անդամ չեն։ Օրինակ՝ Վրաստանը, որը ԵՏՄ անդամ չի, կամ Ադրբեջանը, որը ԵՏՄ անդամ չի, նույնպես բավականին մեծ արտահանումներ են կատարում ռուսական շուկա, և գրեթե չեն տարբերվում իրենց արտոնությունները Հայաստանի արտոնություններից»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան