ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի «Մեդիա բազմակարծության և լրատվամիջոցների անկախության նկատմամբ աճող սպառնալիքները» քննարկման ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել է հանրային հեռարձակողի աշխատանքի, բազմակարծության և խմբագրական անկախության վերաբերյալ հարցերին։
Նա հայտարարել է, որ «Հանրայինն ակնհայտ կողմնակալ է հօգուտ իշխանության»:
«Մասնավոր հեռուստաընկերությունը կարող է սեփականատեր ունենալ և վարել իր խմբագրական քաղաքականությունը, մինչդեռ քաղաքացիների, այդ թվում՝ իշխանության օգտին չքվեարկած անձանց հարկերից ֆինանսավորվող հանրային հեռարձակողի դեպքում նման հիմնավորում չի կարող լինել։
Ժողովրդավարության մեջ քաղաքացին իրավունք ունի ոչ միայն քվեարկելու, այլև տեղեկացված լինելու։ Առանց բազմակարծիք և անկախ լրատվամիջոցների այդ իրավունքը մնում է միայն թղթի վրա»,- հայտարարել է պատգամավորը։
Նա ընդգծել է, որ հանրային հեռարձակողը պարտավոր է ներկայացնել հասարակությունում գոյություն ունեցող տեսակետների ամբողջ բազմազանությունը, տեղեկացնել նաև իշխանության համար անհարմար փաստերի մասին, իսկ որևէ անձի հասցեին մեղադրանք ներկայացնելու դեպքում հնարավորություն տալ նաև մյուս կողմին արտահայտվելու։ Հակառակ դեպքում, ըստ նրա ներկայացրած տեսակետի, Հանրայինը տեղեկատվություն տրամադրելու փոխարեն իշխանության համար ընդունելի քարոզչություն է մատուցում։
Քոչարյանը հիշեցրել է նաև, որ ԵԽԽՎ զեկույցում արձանագրվել է հանրային հեռարձակողի՝ իշխող կուսակցության օգտին ակնհայտ կողմնակալություն դրսևորելու հանգամանքը, ինչը սահմանափակել է քաղաքացիների՝ տեղեկացված ընտրություն կատարելու հնարավորությունը։
Քոչարյանն անդրադարձել է նաև խմբագրական անկախության խնդրին։
«Հանրային հեռարձակողի գլխավոր քաղաքական հաղորդումը վարում է գործող նախարարներից մեկի ամուսինը (ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ամուսինը Պետրոս Ղազարյանն է– խմբ․)։ Նման իրավիճակն առնվազն լուրջ հարցեր է առաջացնում հանրային հեռարձակողի խմբագրական անկախության և անաչառության վերաբերյալ»,- նշել է Քոչարյանը։
Նա ընդգծել է, որ հանրային հեռարձակողը պետք է գործի որպես իսկապես հանրային, այլ ոչ թե իշխանական հեռարձակող։
«Բացի այդ, փաստերի ստուգմամբ զբաղվող անկախ կազմակերպություններն արձանագրել են կեղծ սոցիալական մեդիայի հաշիվների ցանցեր, որոնք տարածում և ուժեղացնում են ընդդիմադիր գործիչների դեմ ուղղված հարձակումները։ Այդ հարձակումների մի մասը հասել է նաև հեռուստատեսության ամենադիտվող ժամերին։
Լուծումը պարզ է և վաղուց ձևակերպված է նաև այս Վեհաժողովի կողմից․ հանրային հեռարձակողը պետք է լինի իսկապես հանրային, ոչ թե իշխանական։
Պետք է երաշխավորել դրա անաչառությունը, ապահովել իրական խմբագրական անկախությունը և բացառել այն իրավիճակը, երբ իշխանությունն օգտագործում է հանրային հեռարձակողին որպես սեփական քարոզչական գործիք։
Ժողովրդավարության մեջ քաղաքացին իրավունք ունի ոչ միայն քվեարկելու, այլև տեղեկացված լինելու։ Առանց բազմակարծիք և անկախ լրատվամիջոցների այդ իրավունքը մնում է միայն թղթի վրա»,-ասել է Քոչարյանը:
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները դիտարկած ԵԽԽՎ ամփոփիչ զեկույցում մտահոգիչ է համարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից «առանց հիմնավոր պատճառաբանության ընտրական տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումն ու կրկնակի քվեարկություն չնշանակելը»: Փաստաթղթում արձանագրվել են աննախադեպ արտաքին միջամտության, ներքին խոր բևեռացվածության, վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր: