Ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի մարզում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին: Դեպքի հանգամանքները քննվում են քրեական վարույթի շրջանակում։
ՀՀ ԱԱԾ-ն հայտնել է, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողի՝ անհայտ հանգամանքներում ծառայության վայրը լքելու մասին։
Չի բացառվել, որ զինծառայողը կարող էր ապօրինի հատած լինել ՀՀ պետական սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան մարմինները որոնողական աշխատանքներ են իրականացրել։
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, ըստ որի՝ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։
Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբերը։ Անհետաձգելի միջոցներ են ձեռնարկվել՝ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։
Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը։ Վերջինս ձերբակալվել է։
Դեպքի վերաբերյալ մանրամասները փոխանցվել են նաև ադրբեջանական կողմին։ ՀՀ քննչական կոմիտեում տեղի ունեցածի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։